Երեւանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի նախընտրական կարգախոսը՝ «Ասեք՝ կանենք», վիրուսային ազդեցություն է թողել Ֆեյսբուքում։ Օգտատերերը Տիգրան Ավինյանից պակաս կարճ չեն կապում։
«Կպի, տփենք»,- գրում է լրագրող Հովհաննես Շողիկյանը։
Հարութ Ուլոյանը լուրջ կասկածներ ունի, թե ով է ՔՊ-ին ներշնչել կարգախոսի ընտրության հարցում՝ վայ թե այն ռեստորանի մատուցողը, որը հաճախ է սպասարկում ՔՊ-ականներին․ «Տվեք, տանեմ»։
Հայկ Մկրտչյանը տեղյակ է, թե էլ ով կարող էր այդքան կարճ ու կոնկրետ ասել․ «Բերեք ուտենք․ Գագիկ Ծառուկյան»։
Նունե Մուղնեցյանը մեջտեղ է բերում ՔՊ-ի փիլիսոփայական վերաբերմունքը Ղարաբաղի հանդեպ․ «Ասեք՝ կտանք»։
Գագիկ Մամուլյանը գլխի է ընկել, որ ՔՊ-ն իր «Ասեք՝ կանենք» կարգախոսով ուղղակի դատարկ օդի մեջ է կրակել․ «Ասողիկին լսողիկ է պետք»։ «Իսկ խմողիկին՝ լցնողիկ»,- լրացնում է օգտատեր Առնոլդ Հակոբյանը։
Օգտատեր Լուսինեն «Ասեք՝ կանենք» հռչակող ՔՊ-ին բռնացնում է կեղծիքի մեջ․ «Ասում ենք՝ գնացեք, ինչի՞ չեք գնում»։
Գեւորգ Էմին-Տերյանը հավատացնում է, որ ինքը ՔՊ-ից պակաս կրեատիվ չէ։ Եթե մասնակցեր ընտրություններին, հաստատ հանդես կգար «Ասեք, վառենք» կարգախոսով։