Ըստ Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» հայկական օրաթերթի՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) Ստամբուլի ներկայացուցչության նախաձեռնությամբ Ստամբուլում կնշվի աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը կազմակերպելու համար Հայաստանի ներկայացուցչությունը կհամագործակցի Երեւանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Ստամբուլի ֆիլհարմոնիկ ընկերության եւ «Պերա» թանգարանի հետ։
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին` 19։00-ին, Cemal Reşit Rey (CRR) համերգասրահում նախատեսվում է մեծ համերգ։ Երեկույթին հանդես կգան Երեւանից «Խաչատրյան» եռյակը եւ Ստամբուլի ֆիլհարմոնիկ ընկերության կամերային նվագախումբը։ Համերգի մուտքը երաժշտասերների համար ազատ կլինի։
Նախատեսված է նաեւ ասուլիս պաշտոնական-դիվանագիտական շրջանակների համար։ Ծրագրի այս փուլը տեղի կունենա «Պերա» թանգարանում։ Ասուլիսը կվարի «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։