Հոդվածն ուզում էի վերնագրել «Տրիվիալության շքահանդես», բայց մտածեցի՝ շատերին այս բառն անծանոթ կթվա։
Տրիվիալը (լատիներեն՝ trivialis) նշանակում է խաչմերուկ, այսինքն՝ ճանապարհների հատման վայր։ Ի՞նչ կապ ունի խաչմերուկը։ Հին ժամանակներում այդտեղ էին հանդիպում ամեն տեսակի մարդիկ, խոսում ամեն ինչից, եւ trivialis-ը, աստիճանաբար իմաստափոխվելով, դարձավ «սովորական», «գռեհիկ»։
Ռուս-հայերեն բառարանում «тривиальный» բառի դիմաց տեսնում ենք «տափակ», «անհամ», «ծեծված», «ծամծմված», «փծուն» հայերեն համարժեքները, բայց սրանց փոխարեն նախընտրեցի «պարզունակությունը», որ քաղաքական իրավիճակը գոնե մի քիչ տանելի թվա։
Ուրեմն՝ ամառվա այս շոգին-կրակին 14 քաղաքական ուժ ու դաշինք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, եւ նրանց կարգախոսներում (չնչին բացառությամբ) չկա միտք, էլ չասած՝ հղացում, գաղափար, ծրագիր։
Ընդհանուրից տարբերվող միակը Վիկտոր Մնացականյանի «Մարդամոտ քաղաք»-ն է։ Սրանում խտացված է նոր կապիտալիզմի ժամանակաշրջանում մեր քաղաքի գլխով անցած ողջ փորձանքը, որն ապակի-բետոն-մետաղով ստվերել է մարդուն։ Աղճատված մայթերը, ամեն քառակուսու վրա սնկի պես աճող շինությունները, այգիների, ճեմուղիների չգոյությունն ու կիսագոյությունը մտահոգվելու առիթ են տալիս, եւ Երեւանի Կենտրոն համայնքի նախկին վարչական ղեկավարը երեւի սեփական փորձով հասկացել է, որ առանց մարդու քաղաքը ոչինչ է։
«Հանրային ձայնը քո ձայնն է», «Վստահի՛ր, հավատա՛, փոխելու ենք», «Երեւանցու կամքով՝ հանուն Երեւանի», «Դու կարող ե՛ս», «Իմ Երեւանն ես…», «Սիրտդ տուր Երեւանիդ», «Միացի՛ր, որ փոխենք» կարգախոսներն անգամ չարժե քննարկել, որովհետեւ ստիպված ենք լինելու օգտվել ռուս-հայերեն բառարանի առաջարկած «անհամ», «ծեծված», «ծամծմված» եւ նման այլ համարժեքներից։
Եվ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ այսօրինակ կարգախոսներ առաջ քաշող ուժերն ընտրապայքարի մեջ մտել են ոչ թե հաղթելու, այլ ծածուկ հանձնարարություններ կատարելու համար։
Քաղաքապետի թեկնածուներ Սուրեն Պետրոսյանի «Պայքարիր Երեւան» եւ Դավիթ Խաժակյանի «Առաջ նոր շնչով» կարգախոսները կետադրական սխալներով են։ Առաջինը պետք է լիներ «Պայքարի՛ր, Երեւան», իսկ երկրորդը՝ «Առա՜ջ (կամ՝ առա՛ջ), Երեւան»։
Այս կարգախոսը տեսնելիս չի կարելի չհամաձայնել դասական ուղղագրության կողմնակիցների այն պնդմանը, որ գրության ձեւը փոխում է իմաստը։ Եթե ասվեր «Յառա՜ջ, Երեւան», գուցե պարզ լիներ, որ խոսքն առաջադիմության մասին է։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Տիգրան Խզմալյանի «Մաքուր Երեւան. մենք կատարում ենք Հայաստանի եւ Երեւանի եվրոռեմոնտ» կարգախոսը, որը, կարծես, փոխառնված լինի հայտարարությունների List.am կայքից։
Հայկ Մարությանի «Շարունակենք, որովհետեւ բոլորիս պետք է» կարգախոսը խոցելի է մի քանի առումներով։ Սա նախկին քաղաքապետի մոնոներկայացման մեջ անընդհատ հնչող «Բա, քեզ պե՞տք ա» հարցի պատասխանն է, բայց նկատենք, որ «վճիռ» կայացնելիս ոչ բոլորն են հիշելու ներկայացումն էլ, հիշյալ հարցադրումն էլ։ Իսկ «շարունակել» բայը ենթադրում է կիսատ թողնված գործ։ Արդյո՞ք շատերն են համաձայն, որ Մարությանի հրաժարականից հետո Երեւանում կյանքը կանգ է առել, դժվար է հավատալ։
Մանե Թանդիլյանի «Փոխենք ապագան», կարելի է ասել, դատարկասացության գոհար է։ Ապագան անորոշ, անիմանալի բան է։ Լավագույն դեպքում ապագան կարելի է պատկերացնել, երեւակայել, կերտել, բայց փոխել, կներեք, հնարավոր չէ։
Եթե սա բառախաղ-պատասխան է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի առաջադրած «Ապագա կա ապագա» հիմարավուն կարգախոսին, պետք է ասել, որ Թանդիլյանի թիմի պոլիտտեխնոլոգները (չնայած Ռուբեն Վարդանյանի պատկառելի փորձին) նախընտրական մարքեթինգից բան չեն հասկանում։
Մնաց Տիգրան Ավինյանի «Ասե՛ք, կանե՛նք»-ը։ Կարճ «տարածության» մեջ երկու շեշտ կիրառելն, անշուշտ, ազդեցիկ է, եթե այդ շեշտերի տակ թաքնված չէ քաղաքապետարանի ամենօրյա գործառույթների վաճառքը։ Տրանսպորտ եք ուզո՞ւմ, կտանք, վերելա՞կ՝ խնդրեմ, կանաչ տարա՞ծք՝ բա ո՜նց (թեեւ պարզ չի՝ ոնց) եւ այլն։
«Ասե՛ք, կանե՛նք»-ը պատասխանատվություն չստանձնելու խոստում է։ Այսինքն՝ մենք (ՔՊ-ն) նպատակներ ու ձգտումներ չունենք, պատկերացումներ ու տեսլական չունենք, դուք ասեք, մենք կանենք։ Հետո, երբ քաղաքի բյուջեից միլիոններ տրամադրվեն «Սնուփ Դոգ» կարգի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ միջոցառումներին, արդարանալու են՝ ժողովուրդն ասեց, արեցինք։
«Ալիք Մեդիան» առաջիկայում կվերլուծի նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական թռուցիկները, ելույթներն ու հարցազրույցները՝ ցույց տալու համար, թե դրանք որքանով են ներծծված քաղաք կառավարելու փիլիսոփայությամբ։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։