Սեպտեմբերի 4-ին Երեւան կժամանի սեպագրագիտության եւ Հին Մերձավոր Արեւելքի հնագույն շրջանն ուսումնասիրող աշխարհում թերևս ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Բրիտանական թանգարանի Միջին Արեւելքի դեպարտամենտի պահապան, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը:
Պրոֆեսոր Ֆինքելը սեպտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին սեպագրի հիմունքների վերաբերյալ անվճար դասախոսություններ կանցկացնի հայ ուսանողների եւ թեմայով հետաքրքրված մասնագետների համար: Իրվինգ Ֆինքելը նաեւ աշխարհի ամենահին քարտեզի (բաբելոնյան քարտեզ) հետազոտողներից մեկն է: Նա սեպտեմբերի 8-ին բաց դասախոսությամբ հանդես կգա նաեւ այդ քարտեզի վերաբերյալ, որտեղ նշված է նաեւ Հայաստանը:
Ծրագիրը նախաձեռնել են Բրիտանական թանգարանը եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ Վարպետաց դասը կանցկացվի Էրեբունի թանգարանի գիտաժողովների դահլիճում, աշխատանքային լեզուն անգլերենն է, աշխատանքային ժամերն են՝ 11:30—15:00-ն (13:00-14:00՝ սուրճի ընդմիջում):
Վարպետաց դասին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ սեպտեմբերիի 4-ը՝ գրելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հասցեին՝ [email protected], կամ զանգահարելով +374 93 200 551, +374 10 43 26 61 հեռախոսահամարներին: