Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար եւ տեւական խաղաղության հաստատման:
«Այսպիսով, մոբիլիզացվելու ենք, որպեսզի պայմաններ ստեղծենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար եւ կայուն խաղաղության հաստատման համար, ինչը կօգնի սահմանազատելու երկու երկրների միջեւ սահմանները եւ հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրելու այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը եւ պատմությունը»,– ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան` ելույթ ունենալով Ֆրանսիայում դեսպանների համաժողովում։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի հրահրմանն ուղղված Ադրբեջանի` «խեղդամահ անելու ռազմավարությունն» անօրինական է, ինչպես արդեն սահմանել է Միջազգային դատարանը։ Նա հավելել է, որ այս քաղաքականությունը նաեւ անբարոյական է:
Բաքուն արձագանքել է
Ադրբեջանի արտգործնախարարությունն ավելի ուշ արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարություններին, դրանք համարել անընդունելի եւ պնդել, որ նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում կայունությանը։ Ըստ «Ազատության»՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, հակադարձելով ֆրանսիական դիվանագիտության ղեկավարին, պնդել է, թե Բաքուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայերին ինտեգրելու ուղղությամբ, «խոչընդոտել այդ ջանքերին եւ հայտարարել, թե իբր շրջանից հայ բնակիչներին վտարելու քաղաքականություն է իրականացվում բացարձակ սխալ է»։