Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Conflict Intelligence (CIT) թիմի հիմնադիր Ռուսլան Լեւիեւին եւ լրագրող Մայքլ Նաքիին հեռակա կարգով դատապարտել է 11-ական տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեղադրանքով: Մեղադրող կողմը յուրաքանչյուրի համար 13 տարի է առաջարկել ընդհանուր ռեժիմի գաղութում։
Ըստ Caution News–ի՝ դատավճռով երկու ամբաստանյալներին էլ արգելվում է հինգ տարով կառավարել ինտերնետային ռեսուրսները։ Դատապարտյալների պատժի ժամկետը կհաշվարկվի Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց կալանավորման կամ ՌԴ արտահանձնման պահից։ Լեւիեւի եւ Նաքիի դեմ գործը հարուցվել է YouTube-ում զետեղված տեսանյութի պատճառով, որում լրագրողներն ամփոփել են Ուկրաինա ռուսական զինված ներխուժման իններորդ օրվա արդյունքները եւ, մասնավորապես, անդրադարձել Մարիուպոլում խաղաղ բնակիչների մահվան եւ Զապորոժիեի ատոմակայանին սպառնացող վտանգի թեմաներին։
Լրագրողները մեղավոր են ճանաչվել մի խումբ անձանց կողմից ռուսական բանակի մասին «կեղծիքներ» տարածելու համար՝ «մեղադրական ապացույցների արհեստական ստեղծմամբ», ինչպես նաեւ քաղաքական ատելության եւ շահադիտական դրդապատճառներով։ Մայքլ Նաքին երկիրը լքել է 2021-ի ամռանը, իսկ Ռուսլան Լեւիեւը՝ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի սկսվելուց հետո։ Երկուսն էլ Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» են հայտարարվել, իսկ Կոնֆլիկտային հետախուզության թիմը հայտարարվել է «անցանկալի կազմակերպություն»: 2022-ի մայիսին լրագրողները ձերբակալվել են հեռակա։