«Հագուստի, տան համար անհրաժեշտ պարագաների (մաքրող, հիգիենայի միջոցներ) մեծ մասը գնում եմ առցանց, այդպես ավելի հարմար է ու մատչելի։ Հիմնականում «Վայլդբերիզ»-ից (Wildberries) եմ օգտվում, քանի որ պատվերը հասնում է 10-15 օրում, ապրանքներն էլ որակյալ են ու մեր շուկայի համեմատ մատչելի»,- պատմում է Գոհարը, որ միայն 2023 թվականի ընթացքում 180 հազար դրամի գնումներ է արել։
Գոհարն արդեն գիտի՝ ո՛ր ապրանքը ո՛ր վաճառող ընկերությունից կարելի է գնել, որ ավելի մատչելի լինեն։ Զեղչի օրեր էլ են լինում․ այդ ընթացքում գնումներ անելն ավելի ձեռնտու է։ Վաղուց տեղական շուկայից մաքրող միջոցներ, կոսմետիկա, աքսեսուարներ չի գնում։
Ամալյան էլ ամեն ամիս առցանց գնումներ է անում, ասում է՝ եթե պետք է գնել հագուստ, որը փորձելու կարիք չկա, ապա, միանշանակ, նախընտրում է «Վայլդբերիզ»-ը։ Օրինակ՝ մեկ զույգ գուլպան կարելի է առցանց երկու անգամ ավելի ցածր գնով պատվիրել, կամ Gliss kur (400 մլ) շամպունը «Երեւան սիթի» սուպերմարկետում արժե 2090 դրամ, իսկ «Վայլդբերիզ»-ից կարելի է գնել 1310 դրամով։
Ընդ որում՝ պատվիրված ապրանքի որակը բոլորովին չի զիջում հայկական շուկայում վաճառվող ապրանքների որակին։ Ամալյան վերջին ամիսներին նաեւ որոշ սննդատեսակներ (բուսայուղ, հնդկաձավար, մակարոնեղեն) է պատվիրում։ Նա այս տարի «Վայլդբերիզ»-ից 250 հազար դրամի գնումներ է արել։
«Նախկինում նույնիսկ հնարավոր էր ապրանքը պատվիրել ու վճարել ստանալիս, ոչ թե նախապես։ Դա ավելի ձեռնտու էր, թեեւ հիմա էլ, երբ պատվերը գրանցելիս պետք է անմիջապես վճարել, ձեռնտու է, քանի որ մատչելի է ու որակյալ։ Իհարկե, պատահել է, երբ ապրանքը վնասված է եղել, ու վերադարձրել եմ, իմ գումարը թեեւ ուշացրել են, բայց ի վերջո հետ են ուղարկել»,- պատմում է Ամալյան։
Մինչ մեր քաղաքացիները գնալով ավելի շատ են գնումներ կատարում «Վայլդբերիզ»-ից, այս ընկերությունը խոշոր չափերի հարկեր է վճարում մեր պետությանը։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում այս տարվա առաջին վեց ամիսներին (հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր։
ՊԵԿ-ից տեղեկանում ենք՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2023 թվականին ընկերության վճարած հարկերն աճել են 16 անգամ։ 2022 թվականի առաջին կիսամյակում «Վայլդբերիզ»-ը վճարել էր 295 մլն դրամ հարկ, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 403-րդ տեղում էր։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի հուլիսի 7-ին հանդիպել էր «Վայլդբերիզ» ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել էին Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու հարցը։ Դա կնպաստի «Վայլդբերիզ» ցանցում Հայաստանում ստեղծվող արտադրանքի վաճառքի ընդլայմանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։