Մի ուրվական է պտտվում Հայաստանում՝ Պրահայի գործընթացից հրաժարվելու ուրվականը։
Վերջին օրերին առաջին հայացքից գաղափարական ու աշխարհայացքային հակասություն ունեցող ուժեր ու հանրային դեմքեր խոսում են Պրահայի գործընթացից Փաշինյանի՝ ժամ առաջ հրաժարվելու կարեւորության մասին, քանի որ «Արեւմուտքը գցել է» նրան, եւ Արցախի հարցում նշաձողի իջեցումը ոչ միայն չի օգնել, այլեւ ազատել է Ալիեւի ձեռքերը արցախցիներին Արցախից դուրս մղելու գործում։
Նաեւ նշվում է (այդ մասին ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան էլ է հայտարարել), որ Պրահայի գործընթացը կաշկանդել է Ռուսաստանին։ Իբր Ռուսաստանը պատրաստ էր օգնելու Հայաստանին տարածքային ամբողջականության եւ Արցախի հարցի հայանպաստ լուծման հարցում, բայց քանի որ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ոչինչ չեն կարող անել, իրենց թեւերը կապված են։
Ու դա ասում է մի երկիր, որը չգիտես ինչու մոռացել է, որ ինքը Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության պայմանագիր ունի, որով ե՛ւ դե յուրե, ե՛ւ դե ֆակտո ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց դա ամենեւին չի խանգարել Պուտինին զորք մտցնել Լեռնային Ղարաբաղ։
Եվ հիմա ո՛չ Պրահյան գործընթացը, ո՛չ ԵՄ դիտորդները, ո՛չ էլ Փաշինյանի պրոռուսական կամ հակառուսական գործողությունները չեն պայմանավորելու Ռուսաստանի գործողությունները Ադրբեջանի նկատմամբ։
Ավելին՝ ԵՄ դիտորդների առաքելությունը երկնառաք նվեր էր Ռուսաստանի ու նրա գլխավորած բուտաֆորիկ ՀԱՊԿ-ի համար, որոնք դրանով ամրապնդում են իրենց ալիբին ու նշում, որ ԵՄ դիտորդները տարածաշրջանում անկայունություն են բերել, որ Հայաստանը պետք է առաջնորդվի միմիայն ու գլխավորապես նոյեմբերի 9-ի եւ դրան հաջորդող եռակողմ հայտարարությունների դրույթներով, եւ այդ պարագայում ՀԱՊԿ զորքերը կապահովեն ՀՀ սահմանների անվտանգությունը մինչեւ դելիմիտացիա եւ դեմարկացիա։
Բայց քանի որ գիտենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակում Ռուսաստանը հավելյալ 10 զինվոր չունի ՀՀ սահմաններին տեղակայելու, իսկ ՀԱՊԿ մնացած անդամները չեն գալու իրենց բարեկամ Ադրբեջանի զորքերի դեմն առնելու, մնում է սեփական չցանկությունը փաթաթել ԵՄ «վզին», առերես մեղադրել Հայաստանին պրոարեւմտյան կողմնորոշման մեջ, բայց դե ֆակտո գոհ ու շնորհակալ լինել Հայաստանի իշխանություններից, որոնք մի զարկով երկու նապաստակ են խփել՝ հեղինակազրկել են արեւմտյան՝ ԵՄ առաքելությունն ու Ռուսաստանին իրավաքաղաքական ալիբի տրամադրել թե՛ ՀԱՊԿ, թե՛ 1997 թվականի փոխգործակցության ու պաշտպանության պայմանագրերից հրաժարվելու համար։
Մյուս ծուղակն այն է, երբ իրերը կոչվում են ոչ թե իրենց անուններով, այլ ըստ մեր ցանկությունների։
Արեւմուտքը՝ ԵՄ-ն եւ Միացյալ Նահանգները, երբեք չեն խոսել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից, առավել եւս անկախությունից։ Հատկապես պատերազմից հետո նրանք խոսում են ինտեգրացիայից՝ խոստանալով «աջակցել» արցախցիների իրավունքների ու անվտանգության պահպանմանը։
Ավելին՝ Պրահայի եւ Բրյուսելի գործընթացներն ու Փաշինյանի հայտարարած նշաձողի իջեցումը կապված են ոչ թե Արցախի ինքնուրույնության կամ ռուսական ստատուս քվոյի պահպանման, այլ, հավանաբար, ՀՀ-ի հանդեպ ագրեսիա թույլ չտալու եւ Արցախի ինտեգրացիան հովանավորել/աջակցելու հետ։
Այսինքն՝ Արեւմուտքը դե ֆակտո Փաշինյանին «չի գցել»։ Ո՛չ խոստացել է, ո՛չ էլ գցել, իսկ թե խոստացել է, ապա ՀՀ սահմանների անվտանգություն եւ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների հանդեպ ոտնձգության զսպում։ Հենց դրա համար էլ ուղարկվել են ԵՄ դիտորդները։ Իսկ դրանք՝ այդ խոստումները, ինչպես տեսնում ենք, լիուլի կատարվել են։ Այնպես որ Փաշինյանին պայմանական Արեւմուտքը չի գցել, որ դեռ մի բան էլ խոսենք Պրահայի «կոնվեյերից» դուրս գալու եւ, ռուսներից ներողություն խնդրելով, օգնության պայմաններ ստեղծելու մասին։
Եվ վերջինը։ Այն, որ որոշ շրջանակներ եւ ուժեր խոսում են Պրահայից հրաժարվելու, ռուսների ձեռքերը ազատելու եւ Արցախին օգնության բերելու գործընթացների փոխադարձության մասին, կարող է Փաշինյանի շանտաժը լինել Արեւմուտքի հանդեպ։ Բայց ոչ թե որ՝ խաբել եք ու կատարեք ձեր խոստումը, ո՛չ եւ ամենեւին ո՛չ, այլ որ՝ եթե չօգնեք ինձ դիմակայելու ռուսական ճնշումներին, վատ կլինի։
Տեսանելի է, որ առնվազն Արցախում պրոփաշինյանական իշխանություն փոխելու եւ տեսականորեն Փաշինյանին Հայաստանում թուլացնելու գործընթաց կա։
Իսկ դրա դիմաց Փաշինյանը կրկին փորձում է «դրսից» օգնություն բերել ընդդեմ հետզհետե ակտիվացող պրոռուսական հայկական ընդդիմադիրների։ Բայց դա էլ ոչ թե նրա համար, որ Փաշինյանը պրոարեւմտյան գործիչ է, եւ նրան պետք է արեւմտյան օգնություն, ո՛չ։
Հայաստանում ոչ թե Արեւմուտք-Ռուսաստան պայքար է, այլ Ռուսաստանի իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների պայքար իրենց դիրքերն ամրապնդելու եւ ՌԴ իշխանությունների մոնոպոլ գործընկեր դառնալու համար։
Հենց այդ պատճառով են պրոփաշինյանական խոսող գլուխները գիշեր-ցերեկ «թաղում» Ռուսաստանին՝ մեղադրում նրան դավաճանության, ռուս-թուրքական վանդակի, մեզ «գցելու», հակահայ գործունեության ու մեր շահերը ոտնատակ տալու համար։
Դե ֆակտո, սակայն, Փաշինյանի իշխանությունը հակառուսական ոչ մի քայլ չի անում (խոսքից անդին)։ Հակառակը՝ հանձնում է ՀՀ ամենամեծ հարկատուին, ավելի խորացնում ինտեգրացիան ռուսական տնտեսությանը, ավելի լայնացնում մշակութային ինտեգրացիան, պահպանում կրկնակի արտահանումը Ռուսաստան եւ այսպես շարունակ։
Եվ որքան ավելի բարձրաձայն է հակառուսական հիստերիան, այնքան ավելի ենք խրվում ռուսական ճահճում՝ ինտեգրվելով տնտեսաքաղաքական ու մշակութային պրոյեկտներում, լվալով ռուսական փողերն ու ապաստան տալով կայսրության՝ պատերազմից փախած քաղաքացիներին։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։