Հայաստանի ազգային դասական կամավորական «Խազեր» երգչախումբը 10 տարեկան է:
Մեկ տասնամյակ առաջ մի խումբ երաժշտասեր կամավոր երիտասարդներ համախմբվեցին հայ ազգային երաժշտության, մասնավորապես՝ Կոմիտասի արվեստի շուրջը, ստեղծեցին երգչախումբ՝ հավատալով ակունքի ուժին:
«Խմբի հիմնման նպատակը հենց Կոմիտասի երգերի կատարումն էր, իսկ քանի որ նա վերծանում էր հայկական խազային գրառմամբ երաժշտությունը, ապա որոշեցինք մեր խումբն անվանել «Խազեր»,- ասում է խմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը:
Երգչախմբի երգացանկի հիմնական մասը կոմիտասյան բազմաձայնած հայ գեղջկական եւ եկեղեցական երգերն են, ինչպես նաեւ աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական, պարային ազգագրական կատարումները:
Երգչախմբում երգելու համար երբեւէ պարտադիր պայման չի եղել երաժշտական կրթություն ունենալը. երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ՝ բնապահպաններ, ազգագրագետներ, պարզապես հայ երգն ընկալողներ ու սիրողներ:
Բազմաթիվ համերգներ են ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ եվրոպական մի շարք երկրներում: Օրեր առաջ խումբը վերադարձել է Ֆրանսիայից, որտեղ հանդես են եկել համերգաշարով, լավագույնս ընդունվել հայ եւ եվրոպացի հանդիսատեսի կողմից:
Խմբի անդամները տեղեկացրին, որ իրենց տասնամյակը պատրաստվում են մեծ շուքով տոնելու նաեւ Հայաստանում: Հոկտեմբերին 7-ին Կամերային երաժշտության տանը երեկոն կոմիտասյան կլինի, բեմում՝ «Խազերը»:
Երեկոյի հյուրերն են լինելու «Տիեզերքը», Կողբ հիմնադրամի՝ «Զի» բենդը, ՄԻՍՄԱ ասեղնագործության կենտրոնը։