Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ վերջին շաբաթներին Արցախի իշխանությունների քննարկումները հանգել են միայն նրան, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումն անընդունելի է։ «Անընդունելի է մի շարք պատճառներով․ մեկն այն է, որ իբրեւ միջանցք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, ու անխափան երթեւեկն այդ ճանապարհով պետք է վերականգնվի, դա ամրագրված է նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով»,– շեշտել է Արցախի ԱԺ նախագահը։
Նախօրեին ադրբեջանական կողմը 40 տոննա ալյուր էր փորձում ուղարկել Ստեփանակերտ։ Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները դեպի Աղդամ տանող ճանապարհի այս կողմում ցույց էին անցկացնում՝ նշելով, որ ադրբեջանական կողմի՝ Աղդամով ուղարկած ադրբեջանական բեռն իրենք չեն ուզում։ Բեռները մինչեւ հիմա Աղդամի անցակետի մոտ են։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ նախօրեին հայտարարել էր, որ արցախյան կողմի հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել:
Դավիթ Իշխանյանը վստահ է, որ Աղդամի ճանապարհով փորձելով հումանիտար բեռ հասցնել Արցախ` Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում եւ փորձում է աշխարհին ցույց տալ, որ իբրեւ ամեն ինչ անում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար։ «Կա եւս մեկ նրբություն. Ադրբեջանը իր «Կարմիր մահիկի» միջոցով փորձում է Արցախից դուրս մղել «Կարմիր խաչի» գրասենյակը, իսկ միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն է»,– նշել է Իշխանյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ էր ավելի վաղ հայտարարել, որ գործելու է միայն 1 ճանապարհ, ու դա Լաչինի միջանցքն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են թույլատրել օգտագործել Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչին ճանապարհը Աղդամ-Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհի բացումից հետո։