Լոռու մարզում ՀՀ վարչապետը հայտարարել է՝ եթե մենք ոչխար ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին։ Սա արդեն հպարտ քաղաքացու անճարության աննախադեպ սպեկուլյացիա է։ Նախ քաղաքացու այսօրվա սթրեսի պայմաններում ի՞նչ ոչխար, ընկե՛ր։
Ոչ ոք էս երկրում քո հնարավորությունները չունի։ Նույնիսկ Ծառուկյան Գագոն մի օրում կարող է կորցնել իր ունեցվածքը, եթե դու այդպես ցանկանաս։ Դու պահպանվում ես պետության կողմից։ Քեզ պետությունը պահպանում է ոչխար պահել չկարողացող քաղաքացու հարկերով։ Սա է՞լ է հասկանալի։ Ուրեմն պետք է իմանաս, որ քեզ պահելու, քո թիկնազորը պահելու հարկերը հերիք են, որ ոչ մի ոչխար պահող չհարստանա։ Անցանք առաջ։
Էդ հպարտ քաղաքացին փախչում է երկրից ու հարստանում է ամերիկաներում։ Ուրեմն ո՞վ է սխալ պահում։ Բոլոր իշխանություններն էլ քաղաքացուն են մեղադրել չհարստանալու համար, որովհետեւ էս երկրում 30 տարի պատերազմ է, քիչ չէ, մարդիկ որդիներ են կորցնում ու ամբողջ կյանքն անիմաստ համարում, քիչ չէ, հիմա էլ կորցրել են տարածքները, որտեղ կարելի էր ոչխար պահել ու հարստանալ՝ առանց ուրիշի փայ մտնելու։
Հիմա փայ մտնող չկա, բայց ոչխար պահելու հնարավորություն էլ չկա։ Հիմա դուք իշխանությանն ու ուժային կառույցներին լավ աչքով նայելու այնպիսի նշաձող եք սահմանել, որ ոչ մի ոչխար այդ նշաձողն ապահովելու հետեւից չի հասնում։
Իհարկե, սխալ են պահում, որովհետեւ ոչխար չպիտի պահեն, պիտի պետական ապարատ մտնեն, որ իշխանության քվե դառնան, հետն էլ անհոգ ու հանգիստ ապրեն։ Որովհետեւ կյանքի կայունությունը միայն պետական բյուջեից սնվելու մեջ է։ Նախ սովորեք ոչխար պահողին գնահատել, մտածեք, թե ինչպես էս երկրում զարգացնել անասնապահությունը, հետո ոչխար պահողին սխալ հանեք։
Դու վերջին հինգ տարում սուպերմարկետներ մտե՞լ ես, մսերի գները տեսե՞լ ես։ Էդ գներով Բիլ Գեյթսը մուրացկան կերեւար մեր մսավաճառների մոտ։ Բայց տես, որ նրանք էլ չեն հարստանում։ Հետո ասենք թե ոչխար պահողը կարողացավ, հարստացավ։ Բա ուսանողը, որ վաճառող է աշխատում միլիոնի հասնող իր ուսման վարձը վճարելու համար, նա ինչի՞ չի հարստանում։ Սխա՞լ է վաճառում։
Հայաստանում քո իշխանափոխությունից հետո շարունակում են հարուստ մնալ Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը կամ էն Արսենյան Գուրգենը, որը բոլոր իշխանությունների հետ լեզու է գտնում։ Սա քո մեջ հարցեր չի՞ առաջացնում։
Նա ի՞նչն է Քոչարյան Ռոբերտի ժամանակվանից ճիշտ անում, որ քո ժամանակվա ոչխար պահողը չի կարողանում ճիշտ անել։
Մի հատ քո բանկերի տոկոսների՛ն նայիր։ Տնտեսություն ունեցող ո՞ր երկրում անասնապահին վարկ կտան 24 տոկոսով։ Դու կարո՞ղ ես վերցրածդ վարկի տակից դուրս գալ։ Գյուղացին էլ է այդպես մտածել։ Դրա համար էլ միայն ինքը չէ այն օրին, որում գտնվում է։
Միտքդ ծայրահեղ ճշգրիտ է, ամեն օր կստորագրեմ դրա տակ, բայց էդ աստիճանի իրականությունից կտրված միտքը աննախադեպ սպեկուլյացիա է։ Անցած չլինի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: