«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, նրա կինը, հայրն ու մայրը, որդիները, անգամ հարսը օգոստոսի 21-ին հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Դատախազությունը կասկածներ ունի, որ Ծառուկյանն իր ընտանիքին պատկանող գույքը կամ առնվազն դրա մի մասը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով՝ վնաս պատճառելով պետությանը կամ, ինչու չէ, նաև մասնավորին։
Ծառուկյանը, բնականաբար, համաձայն չէ դատախազության կասկածներին։ «Ծնողներս խոր ծերության մեջ էլ աշխատում են, զբաղմունք ունեն։ Հայրս ամեն առավոտ՝ ժամը 7-ին, տան դուռը բացում, գնում է բերք ու բարիք ստեղծելու, մայրս էլ իր գործին է, տնօրինում է տարբեր ոլորտներ։ Մեր ընտանիքում աշխատում են բոլորը։ Ապօրինի հարստացումը ո՞րն է, եթե ես շատ աշխատատեղեր եմ ստեղծել մարդկանց համար, որ արտագաղթի ճանապարհից հետ են կանգնել, իրենց ընտանիքն են պահում։ Կամ գործարաններ կան, որոնք ես վերցրել եմ քանդված վիճակում, բայց ներդրումներ եմ արել միջազգային կանոններին համապատասխան»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Իսկ Ծառուկյանների ընտանիքն ունի անհամար գույք։ Ինչպես ասում են, թիվ կա աստղերին, թիվ չկա նրա սեփականությանը։ Բոլոր տարիներին, ինչ պատգամավոր է եղել, նրա լրացրած հայտարարագիրն ամենաերկարն է եղել եւ միշտ հետաքրքրել է լրագրողներին եւ ամբողջ հանրությանը։ Ծառուկյանը երբեւէ չի էլ թաքցրել, հեռավոր ազգականների կամ ընկերների ու աշխատողների անուններով չի գրանցել իր ունեցվածքը։ Այդ հարցում նա «ազնիվ» է, ողջ կարողությունը գրանցել է իր եւ իր ընտանիքի անդամների անուններով։
Մյուս կողմից էլ միշտ կարծիք է եղել, որ նրա բիզնեսի, հատկապես խոշոր օբյեկտների 50 տոկոսի սեփականատերն իրականում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Չէ՞ որ Ծառուկյանն իր հարստության մի մասը, հատկապես պետական օբյեկտները, ձեռք է բերել հենց նրա նախագահության տարիներին։ Եվ մինչ մեր երկրի իրավապահ մարմինները կկասկածեին, որ Ծառուկյանն իր կարողությունը ձեռք է բերել ապօրինի, այսինքն` հանցավոր ճանապարհով, նման կասկածներ մամուլում միշտ են եղել։
Նախ Ծառուկյանի ընտանիքին է պատկանում ավելի քան 50 ընկերություն, ինչպես նաեւ 25 առանձնատուն, բնակարան, հասարակական նշանակության շինություն եւ հողամաս, որոնք Երեւանում են կամ Կոտայքի մարզի որեւէ բնակավայրում։ Ծառուկյանները հայտարարագրել են շուրջ երկու տասնյակ շքեղ ավտոմեքենաներ, 8 մլն դրամ եւ ավելի բարձր արժեք ունեցող շուրջ 5 տասնյակ գույք՝ հիմնականում ոսկյա զարդեր ու կահույք, անգամ վարագույր ու ջահ, ինչպես նաեւ մեծ գումարներ։
Իսկ թե մեր դատախազությունը նրանց ամբողջ հարստության հատկապես որ միավորի կամ միավորների օրինականությանն է կասկածում, գաղտնիք է։ Դա չեն բացահայտում նաեւ Ծառուկյանները։ «Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ․․․»,- հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Այդպիսով կարելի է եզրակացնել, որ դատախազության կասկածանքը վերաբերում է Ծառուկյանների գույքի կամ բիզնեսի օրինականությանը։ Թեեւ Ծառուկյանն ինքը ասել է` «օրենքի ցավը տանեմ, օրենքը բոլորին է վերաբերում, ինձ մոտ ամեն ինչ պարզ է եւ բաց», այնուամենայնիվ, հանրությանը հայտնի է, թե ինչ գույք՝ գործարաններ, առեւտրի սրահներ, գազալցակայաններ, խաղատուն ու այլ օբյեկտներ ունի նա։ Դրանց մի մասը՝ գործարաններն ու հողերը, նա սեփականաշնորհել է, մի մասն էլ արդեն կուտակած հարստության շնորհիվ ինքն է հիմնադրել։
Հետաքրքիր է հատկապես պետությունից ձեռք բերած եւ առավել հայտնի օբյեկտների օրինականության հարցը։ Ցայտուն օրինակ է «Արարատցեմենտ» գործարանը», որի վաճառքի մասին, եթե անգամ շատ հեռու չգնանք ու արխիվները չփորփրենք, մի քանի տարի առաջ Ազգային ժողովում բարձրաձայնեցին ու կասկածներ հայտնեցին գործող իշխանության ներկայացուցիչները։
Մի առիթով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Գեւորգյանը հիշեցրեց, որ 2002 թվականին ինչ-որ «Ռոբերտո» ընկերություն ցեմենտի գործարանը պետությունից ձեռք է բերել ընդամենը 200 հազար դոլարով այն դեպքում, երբ մրցույթում հաղթել էր շվեյցարական Holcim ընկերությունը, որը շուրջ 36 մլն դոլարի ներդրումային ծրագիր ուներ։
«Ռոբերտոն» Բելգիայում հիմնադրել են Ազատ, Ռոբերտ եւ Ռոման Մուրադյանները, ընկերության տնօրենը Վահագն Գուլոյանն էր, որը Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի եղբայրն է։ Գործարանը սեփականացնելուց հաշված ամիսներ անց ընկերության տնօրեն է նշանակվում Ծառուկյանն ինքը։ Վերջինս նախ ձեռք է բերում «Արարատցեմենտի» բաժնեմասի 25 տոկոսը, իսկ 2006-ին՝ մնացած 75 տոկոսը:
Հայկ Գեւորգյանն այն ժամանակ նաեւ հիշեցրեց, որ եթե 2017 թվականին «Արարատցեմենտ»-ը վճարել էր 800 մլն դրամից մի քիչ ավելի, ապա 2018 թվականին՝ 2,1 մլրդ դրամ հարկ։ «Ըստ ժանրի կանոնների՝ ես պիտի հարցնեի՝ ստվե՞ր էր դա, թե՞ ստվեր չէր»,- հարցրել էր պատգամավորը։
Այդ քննարկումից հետո իշխանությունները նույնիսկ աշխատանքային խումբ ստեղծեցին, որ ստուգումներ անեն գործարանում։ Խումբն աշխատեց, բայց այդպես էլ հանրությանը տեղյակ չպահեց, թե ինչ արդյունք է գրանցել։ Արդյո՞ք Ծառուկյանի գործարանում ամեն ինչ օրինական էր։
Հիմա Ծառուկյաններին հրավիրել են դատախազություն՝ կասկածելով նրանց բիզնես-կայսրության եւ այլ սեփականության օրինականության վրա։ Արդյո՞ք դատախազությունը նույն «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» եւ «Արարատցեմենտ» գործարանի սեփականաշնորհման օրինականությանը նույնպես կասկածում է։ Արդյո՞ք կհարցնի, թե այդ ինչ «Ռոբերտո» ընկերություն էր, որը չնչին գնով ձեռք բերեց հսկա ընկերությունն ու հետո վաճառեց Ծառուկյանին։ Կամ օրինական ճանապարհո՞վ է ձեռք բերվել Օղակաձեւ այգու հսկայական տարածքը, որտեղ կառուցվել է Multi Wellness կենտրոնը։ Օրինակա՞ն էր 2002-ին «Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի», 2006 թվականին Թումանյան-Աբովյան խաչմերուկի վրա գտնվող Սպորտի պետական կոմիտեին պատկանող 1415 քմ հողամասից 1177 քմ-ի անհատույց ձեռքբերումը։ Եվ այդպես շարունակ։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։