Բոստոնում՝ Ամերիկայի հայկական թանգարանում, բացվել է «Արա Օշական․ Խախտված սահմաններ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը աշխարհասփյուռ հայկական բազմաշերտ համայնքներին վերամիավորելու փորձ է։ Ցուցադրված լուսանկարներն ու կոլաժներն արվել են Լոս Անջելեսում, Բեյրութում եւ 2012 թվականին Շուշիում:
Ցուցահանդեսը նախ բացվել է Գլենդելի Թուֆենկյան Գեղարվեստի պատկերասրահում, ապա՝ Նյու Ջերսիի «Ստոկտոն» համալսարանում: Ամերիկայի հայկական թանգարանում ցուցահանդեսն ավելի ընդգրկուն է, լայնածավալ:
«Այս ցուցահանդեսը կապում է սփյուռքի եւ հայրենիքի բազմաթիվ խնդիրներ, որոնք ինձ զբաղեցրել են վերջին տասնամյակի ընթացքում կամ ավելի շատ՝ Լոս Անջելեսից Բեյրութ եւ Արցախ»,— ասում է Օշականը:
Արա Օշականը միաժամանակ ե՛ւ լուսանկարիչ է, ե՛ւ փոխկապակցված թեմաների վարպետ զուգակցող (ինստալյացիայի) արվեստագետ: Նա բանաստեղծ Վահե Օշականի որդին է, գրող եւ գրականագետ Հակոբ Օշականի թոռը: Ծնվել է Բեյրութում, 10 տարեկանից ապրել է Վիսկոնսիում, ապա՝ Թեննեսիում եւ վերջապես Լոս Անջելեսում:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 29-ը, ավելի մանրամասն տեղեկությունների համար անցե՛ք այս հղումով։