ԿԳՄՍՆ նախարարությունը դպրոցական նոր դասագրքերը չի կարողացել տպագրել, ու նախարարությունից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ բաժանել աշակերտներին: Այսպիսով՝ Հայաստանում շատ դպրոցականներ սեպտեմբերը կսկսեն առանց դասագրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ դեռ մշակված չեն:
Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին, եւ ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: «Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած եւ նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են»,- հայտարարել է փոխնախարարը:
Նա հավելել է, որ նոր դասագրքերը կբաշխվեն միայն 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների աշակերտներին՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն, ըստ նրա, այս դասարաններում եւս կան դասագրքեր, հիմնականում օտար լեզուների, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել, կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Այսպիսով՝ 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, կդասավանդվեն նախկին դասագրքերի եւ ուսուցիչներին հասանելի՝ նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ: «Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- ասել է Սվաջյանը։
Կրթական տարին սկսվում է առանց գրքերի, մինչդեռ վարչապետ Փաշինյանի հետ գրեթե բոլոր քարոզչական միջոցառումներին մասնակցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ոլորտի խնդիրները լուծելու համար ժամանակ չունի: