Շվեյցարիայում բնակություն հաստատած Միշա Բադասյանը հրապարակել է Արցախի շրջափակումը դատապարտող «Դադարեցնել շրջափակումը, բացել ճանապարհը» կարգախոսով իր ինստալացիան՝ փորձելով բոլոր ազգերին հասկանալի արվեստի լեզվով աղաղակել միջազգային հանրության լուռ համաձայնությամբ ադրբեջանական կառավարության որդեգրած անմարդկային քաղաքականության մասին:
Ռուսական Դոնի Ռոստովից շվեյցարական Ցյուրիխ տեղափոխվելուց ի վեր սա արվեստագետի առաջին հրապարակային ակցիան է: «Դա հիանալի փորձ էր, եւ նման նախագծերի մեծ պահանջ կա, քանի որ շատ շվեյցարացիներ Հայաստանի տեղն էլ չգիտեն։ Ես շփվում եմ մարդկանց հետ եւ հաղորդակից եմ դարձնում իմ պատմությանը»,- նշել է նա:
Բադասյանն իր մտահղացումն իրագործելու համար երախտագիտություն է հայտնել իրեն աջակցած մարդկանց: Ինստալացիան անմահացրել է բելառուս լուսանկարիչ Ալեքսանդր Կոնոնչենկոն: