Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գրում է, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն ավելի ձեռնտու էր Ադրբեջանին, քան Երեւանին ու Ստեփանակերտին։
Նավասարդյանի համոզմամբ՝ Բաքուն այդ «զիջման» շնորհիվ պաշտպանվեց էթնիկ զտումների համար միանշանակ մեղադրանքներից եւ ընդամենը հինգ տարով հետաձգեց Արցախի «ապահայկականացման» ծրագրի իրագործումը: Նա ընդգծել է, որ թեեւ ծրագիրը չի ենթադրում տարածաշրջանում հայերի լիակատար տարհանում, բայց, ըստ Ադրբեջանի, արցախցիները զրկվելու են կոմպակտ տարածքում բնիկ էթնիկ մեծամասնության կարգավիճակից։ Ըստ Նավասարդյանի՝ երկրորդ շահողը Բաքվի հետ քաղաքական առեւտրում իր ռազմական ներկայությունը որպես արժույթ օգտագործող Ռուսաստանն է։ Նա շեշտել է, որ երրորդ շահառուն Թուրքիան է: Նավասարդյանը Թուրքիայի օգուտների մասին խոսելիս մեջբերել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ըստ որի՝ Անկարան Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունն ապահովեց գերազանց համատեղ գործողության միջոցով։
«Հայաստանը եւ Արցախի հայերը ստացան միայն ժամանակավոր օգուտներ։ Երեւանը հսկայական ծախսերի միջոցով խուսափեց տեղահանվածների շատ ավելի մեծ հոսքից՝ անմիջապես պատերազմից հետո դրա ծանր քաղաքական հետեւանքներով, սակայն շարունակում է կանգնած մնալ նույն ռիսկերի առջեւ եւ ինքնիշխանության էական նոր կորուստներ ունեցավ»,- գրել է Բորիս Նավասարդյանը։ Նա հավելել է, որ արցախցիները դառը նվաստացումների եւ տառապանքների գնով պահպանեցին իրենց փոքրացած հայրենիքում ապրելու հնարավորությունը, սակայն, ըստ նրա, անգամ նման գոյատեւման հեռանկարները գնալով ավելի մշուշոտ են դառնում։ «Մի վերապահում այնուամենայնիվ անեմ՝ առանձին անհատներ եւ խմբեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում այս իրավիճակից լավ էլ շահել են…»,- եզրափակել է Երեւանի մամուլի ակումբի նախագահը: