Գյումրու «Գոհարներ» պարի խումբը կրկին փայլել է Բուլղարիայում՝ Հայաստան բերելով երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Վառնա քաղաքում անցկացվող պարի ամենամյա Wonderland from Varna with love միջազգային մրցույթ-փառատոնում երկու տասնյակից ավելի մասնակիցներ են ներկայացրել իրենց երկրների ազգային-ժողովրդական պարային մշակույթը:
Միջազգային ժյուրին առավելությունը տվել է հայկականին. բարձր միավորներով առաջին պատվավոր հորիզոնականը գրավել է խմբի մենապարուհի Սոնա Սիսլիյանը՝ «Ադանա» մենապարով: «Գոհարները» երկրորդ ոսկե մեդալն էլ Հայաստան է բերել «Շիրակավան» խմբային կատարումով:
Խմբի գեղարվեստական ղեկավար Աննա Պարունակյանը «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ շարունակելու են հայկական պարային մշակույթը ներկայացնել արտերկրի բեմերում՝ հանրահռչակելով ու ճանաչելի դարձնելով մեծ բեմերից: