Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ իրենց երկրում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնել են բողոքի նոտա։
Սա պաշտոնական մասն է։
Իրականում Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ-ում, հավանաբար, ցույց են տվել Ադրբեջանի քարտեզն ու հարցրել. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, թե՞ ոչ»։
Տիկինը Բուայոնը դժվար թե այս հարցին ժխտող պատասխան տված լինի, որովհետեւ գիտի, թե ցանկացած երկրի համար ի՜նչ թանկ բան է տարածքային ամբողջականությունը։
Նա, հավանաբար, ադրբեջանցի դիվանագետներին հորդորել է առանձնապես լուրջ չվերաբերվել հումանիտար ավտոշարասյունը Ֆրանսիայի մի շարք քաղաքապետների ուղեկցությամբ Լաչինի անցակետի մատույցներ ուղարկելու փաստին եւ հուլիսի 27-ին Թվիթերում կատարած իր գրառմանը. «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել Լաչինի միջանցքում տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը եւ թույլ չտալ ճգնաժամի աճ»։