Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Երիտասարդական պալատն անօրինական եղանակով օտարելու եւ Երեւանին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են նաեւ, որ նա անձնական շահագրգռվածությունից ելնելով խախտել է օրենսդրական մի շարք պահանջներ` Սարալանջի 1 հասցեում գտնվող շուրջ 24 հազար քմ մակերեսով Երիտասարդական պալատն օտարելով կադաստրային արժեքից ավելի քան 12 անգամ պակաս գնով։
Մասնավորապես, պետական սեփականություն Երիտասարդական պալատը, որի կադաստրային արժեքն ավելի քան 805 միլիոն դրամ է գնահատվել, Զախարյանն «Ավանգարդ Մոթորս» ընկերությանն է օտարել շուրջ 63 միլիոն դրամով։ Գնային այս տարբերությունն առաջացել է այն բանից հետո, երբ Երվանդ Զախարյանը շտապել եւ Երիտասարդական պալատը վաճառել է ՀՀ Կառավարության` 2004 թվականի հունվարի 19–ի որոշումն ուժի մեջ մտնելուց 3 օր շուտ։ Ըստ 2004-ի հունվարի 19-ի որոշման` Երիտասարդական պալատի արժեքը պետք է դառնար շուրջ 806 միլիոն դրամ։ Արդյունքում, Զախարյանն առանց համապատասխան իրավական հիմքերի պետության սեփականության գույքն օտարել է «Ավանգարդ Մոթորսին»:
Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի (նախկին) 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):