Այս ակնարկը գրում եմ օգոստոսի 31-ին։ Ամսաթվի շեշտադրումը պատահական չէ, քանի որ կարծում եմ՝ այն կորուստներով լեցուն մեր իրականության ամենամռայլ օրերից մեկն է։
Նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց՝ փաստացի դառնալով Արցախի Հանրապետության վերջին ընտրված ղեկավարը։ Ընտրված լինելու փաստը կարեւորվում է առաջին հերթին էթնոքաղաքական տեսանկյունից։ Այսինքն՝ Հարությունյանը էթնոքաղաքական միավորի՝ արցախահայերի վերջին ընտրված ղեկավարն է։ Այլեւս դժվար թե հնարավոր լինի Արցախում նախագահական ընտրություններ անցկացնել։
Փաստացի Արայիկ Հարությունյանի հեռացումով փոխվում են նաեւ նախագահական ինստիտուտի կարգավիճակն ու նշանակությունը, նույնիսկ եթե ապագա նախագահը ընտրվի խորհրդարանի միջոցով։
Տպավորություն է, որ Արցախի քաղաքական գործիչների մի զգալի մասն այլեւս պայքարում է գեներալ-նահանգապետի կարգավիճակի համար։ Մեկը փորձում է Ռուսաստանի տեղապահը դառնալ, մյուսը՝ Ադրբեջանի, երրորդն էլ՝ իշխանություն ձեւավորել ռուս-ադրբեջանական կոնսենսուսի միջոցով։
Այսինքն՝ բոլոր իրավիճակներում Ադրբեջանն այլեւս վճռական դերակատարություն է ունենալու Արցախի ներքին կյանքում՝ ձգտելով մոտ ապագայում ապամոնտաժելու նաեւ մյուս կարեւորագույն ինստիտուտը՝ խորհրդարանը։
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե փորձում եմ կարեւորել ու գնահատել արդեն իսկ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի դերն ու նշանակությունը՝ որպես պետական ու քաղաքական գործչի։ Ո՛չ, Հարությունյանը Արցախի ամենաթույլ եւ ձախողված ղեկավարն է։ Տրամաչափով, մտածողությամբ եւ որակներով նա իսկապես մի քանի գլուխ ցածր է Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից եւ Բակո Սահակյանից։ Ստեղծված ծանրագույն իրավիճակը նաեւ Հարությունյանի ապաշնորհ կառավարման հետեւանքն է։
Նրա նախագահ ընտրվելը մեծ ոգեւորություն էր առաջացրել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում։ Այն ժամանակ դեռեւս տիրապետող էր այն մտայնությունը, որ Ղարաբաղյան շարժման եւ առաջին պատերազմին քաղաքական առնչություն չունեցող գործչի հետ շատ ավելի դյուրին կլինի պայմանավորվել։
Պայմանավորվելու ունակությունն, իհարկե, կարեւորագույն որակ է, բայց Հարությունյանի խնդիրն այն էր, որ նա պայմանավորվում էր նույնիսկ այն դեպքերում, երբ ընդհանրապես դրա կարիքը չկար։ Այսինքն՝ Արցախում չէր կարող լինել այնպիսի մի նախագահ, որը կդառնար Հայաստանի եւ այլ ուժերի կամակատարը։
Համանախագահ երկրների լավատեսության պատճառը միգուցե Հարությունյանի բիզնեսմեն լինելու փաստն էր, որը վստահաբար աշխատեց ոչ հայ ժողովրդի օգտին։
Այն ժամանակ Արայիկ Հարությունյանի այլընտրանքը Վիտալի Բալասանյանն էր՝ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ամենազորեղ ներկայացուցիչներից մեկը։ Միգուցե գեներալը շատ ավելի արդյունավետ լիներ կառավարչի եւ գլխավոր հրամանատարի կարգավիճակում, հատկապես որ բարդութավորված չէր ադրբեջանցիների հետ երկխոսելու հարցում, բայց նա էլ ծայրահեղ անհեռատես ու գավառական գտնվեց մեծ խաղի մեջ ներքաշվելու համար։
Չլինել Երեւանի կամակատարը դեռեւս չի նշանակում մարտահրավեր նետել Երեւանին, նույնիսկ եթե այնտեղ Նիկոլ Փաշինյանն է նստած։
Ինչեւէ, վերանանք անձերից։ Արայիկ Հարությունյանը նույնիսկ իր ձախողված ու արատավոր փորձառությամբ Արցախի պետականության վերջին մարմնավորումն էր։ Արցախահայերն այլեւս հնարավորություն չեն ունենալու ուղիղ ընտրությամբ նախագահ ընտրելու։ Որեւէ ընտրություն արդեն պետք է համաձայնեցված լինի Բաքվի հետ։ Այլընտրանքը զինված պայքարն է, որի հնարավորությունն առնվազն չի նշմարվում։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։