Օգոստոսի 26-ին հարյուրավոր մարդկանց համար Լոռին ցանկալի ուղղություն էր դարձել․ Ստեփանավանում օդային փառատոն էր։ 2017-ին Արցախում հիմնադրված եւ երեք տարի անընդմեջ կայացած Air Fest-ի հասցեն շրջափակման հետեւանքով է փոխվել։ Մինչ այդ էլ փառատոնը համավարակի եւ պատերազմի պատճառով էր կանգ առել։
Ստեփանավանն, ըստ կազմակերպիչների, բարենպաստ է թե՛ տարածքի եւ թե՛ կլիմայի առումով։ Եվ կա «կարեւոր հարստությունը»՝ հին օդանավակայանի վազքուղին, որը հնարավոր է շահագործել փոքր օդանավերի համար։
Փառատոնի մեկնարկը հենց այստեղ տրվեց։ Ստեփանավանի օդանավակայան են բերվել տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, օդապարիկ, պարապլան, դրոններ, անօդաչու թռչող սարքեր, ավիամոդելներ։
Իրար հետեւից օդ բարձրացան ավիաշոուի մասնակից ինը ինքնաթիռները, որոնց ղեկին նաեւ վրացի եւ ռուս օդաչուներ էին՝ ավիաշոուի հյուրերը։ Ցուցադրական ելույթի հայ մասնակիցներն էլ սեփական ինքնաթիռ ունեցող օդաչուներն էին։
45 տարի օդում․վաստակաշատ օդաչու Արթուր Սահակյանի ցանկությունն է, որ Հայաստանում էլ շատ մարդիկ թռչել սովորեն։ Թեպետ օդաչուն ինքն է փաստում, որ դա թանկ հաճույք է՝ կրթությունից մինչեւ առաջին թռիչք, եւ ոլորտում այլ խնդիրներ էլ կան։
«ԱՄՆ-ում գրեթե 240 հազար մարդ սեփական ինքնաթիռ ունի։ Նրանք տեղափոխվում են երկրից երկիր, ամբողջ աշխարհում գնում են՝ ուր ուզում են։ Նույնը Եվրոպայում, Ռուսաստանում։ Իսկ ինչո՞ւ Հայաստանում էլ չսովորեն։ Պետք է օգտագործել ավագ սերնդի հնարավորությունները․ փորձառու օդաչուները կամաց-կամաց հեռանում են։ Իհարկե դպրոց անցնելը փող արժե։ Իսկ թռչել սկսելու համար արդեն այլ գումարներ են պետք»,- ասում է ավիաշոուի մասնակից օդաչուն։
Air Fest իրադարձության գլխավոր կազմակերպիչ Հայաստանի փոքր ավիացիայի հիմնադրամը նպատակ ունի նաեւ այսպիսի միջոցառումներով կարծրատիպեր փոխելու եւ ցույց տալու, որ օդանավ շահագործելը հնարավոր է եւ դյուրին։ Պարզապես պետք է ցանկանալ։
Հիմնադրամը պատրաստ է աջակցելու փոքր ավիացիայի բոլոր շահառուներին, նրանց, ովքեր օդանավ ունեն եւ ուզում են ոլորտ մտնել, օդ բարձրանալ։ Իսկ ընդհանրապես հիմնադրամի գործունեությունը փոքր ավիացիայի զարգացմանը եւ ոլորտի խնդիրները վերհանելուն է ուղղված։
«Այս փառատոնն իրականում ենթատեքստ ունի՝ արագացնել այն պրոցեսները, որոնք դանդաղ են գնում զարգացման առումով։ Այսինքն՝ էն, ինչոր զարգանում է, բայց դանդաղ է, արագանա։ Մենք էս միջոցառման համար, որպեսզի տեղի ունենա, ավիացիոն լիքը խնդիրներ ենք լուծել՝ օրենսդրական, կազմակերպչական։ Սա խթան է, որ բոլոր պրոցեսները արագանան, որոնք կապված են փոքր ավիացիայի հետ»,- ասում է Հայաստանի փոքր ավիացիայի հիմնադրամի նախագահ Արմեն Սարգսյանը։
Հաջորդ Air Fest-ն էլ հավանաբար Ստեփանավանում կլինի՝ դրսից ավելի շատ հյուրեր կանչելու, միջոցառման մասշտաբը մեծացնելու նպատակով։
«Շատ կուզեինք շարունակել Արցախում։ Մեր թիմով էն ժամանակ փոքր քայլերով սկսեցինք, Արցախում երկու օդանավ կար։ Այս տարի, տեսնում եք, տասը կա։ Արցախում, ցավոք, հնարավոր էր միայն մեր ինքնաթիռներով մասնակցել․ օդը փակ էր, այսինքն՝ հյուրեր չէին կարող գալ, իսկ Հայաստանում օդը բաց է, դրա համար հնարավորություններն այս առումով այստեղ մի քիչ մեծ են»,- նշում է Արմենը։
Ստեփանակերտում, թե Ստեփանավանում, ավիամոդելավորողներին, ի տարբերություն օդաչուների, բաց կամ փակ օդը չի խանգարում՝ մասնակցելու փառատոնին։ Air Fest-ին իրենց պատրաստած թռչող սարքերն են ցուցադրության բերել Գյումրու «Միտ» կրթական կենտրոնի եւ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի սաները։
Նրանք ամենափոքր տարիքից ինքնաթիռների եւ թռչող սարքերի մոդելներ են պատրաստում, նախագծում, դրանք ղեկավարել սովորում՝ կիրառելով ամենավերջին տեխնոլոգիաները։
«Դասերի ընթացքում էրեխեքը ամեն ինչ պրակտիկ են անում։ Կախված խնդրից՝ եռաչափ մոդելավորում են սովորում, ապա մոդելավորած դետալները եռաչափ պրինտերով կամ CNC հաստոցներով փորագրում են ինչ-որ առարկաների վրա։ Հետո այդ առարկաներն ավելի ամուր, ավելի թեթեւ պատրաստվում են կոմպոզիտային նյութերից եւ տեղադրվում են օդանավերի վրա կամ ամբողջական օդանավ են դառնում։ Էրեխեք ունենք, որ արդեն մասնագետներ են, ամբողջ օրը զբաղվում են, լավ արդյունք են ապահովում, 15 տարեկանում լուծում իրենց առաջ դրված ցանկացած խնդիր։ Մենք էրեխեքին նաեւ դա ենք սովորեցնում, որ ինչ ուզեն, կարող են անել, շատ բաներ հենց իրենցից են կախված»,- ասում է Գյումրու ավիամոդելավորման եւ հրթիռաշինության կրթական կենտրոնի հիմնադիր եւ «Արմաթն օդում» աշխատանոցի Հայաստանի համակարգող Խաչատուր Թադեւոսյանը։
Մասնագետների պակաս կա․ աշխարհում ինժեներությունը, ծրագրավորումը, արհեստական բանականությունը առաջատար ուղղություններ են, բայց Հայաստանում ծնողներն իրենց երեխաներին ուղղորդում են, օրինակ, հաշվապահ կամ մենեջեր դառնալու։
Իսկ Air Fest-ն ու նման այլ իրադարձությունները, ըստ մասնագետի, մոտիվացնում եւ ոգեւորում են՝ անկախ տարիքից ու սեռից։
«Էրեխեքն իսկական օդանավեր են տեսնում, օդաչուների հետ են ծանոթանում, շփվում, ուրախանում են իրարով։ Ու այդ ոգեւորությունն օգնում է իրենց հետագայում առաջ շարժվելու, ավելի առաջ գնալու, նոր լուծումներ մտածելու»,- նշում է Խաչատուր Թադեւոսյանը։
Air Fest–ի մասնակիցներից Արմեն Հակոբյանը ավիամոդելավորմամբ սիրողական մակարդակով է զբաղվում։ Մանկության կիսատ մնացած երազանքին կրկին թեւ է տվել հինգ տարի առաջ՝ պատահական հանդիպելով այս գործով տարված մի խումբ մարդկանց։
«Հինգ տարի առաջ անցնում էի մի տարածքով, նկատեցի՝ օդում բաներ են պլպլում, մոտեցա, տեսա՝ մոդելներ են։ Հետաքրքրվեցի, հարցրի՝ կընդունե՞ք ինձ ձեր կոլեկտիվ։ Սիրով ընդունեցին։ Սիրողական խմբակ է, հոբբի։ Շաբաթական մեկ օր պարտադիր հավաքվում ենք, համացանցից ծրագրեր, սխեմաներ քաշում ու սկսում ենք հավաքել։ Կամ էլ մաս-մաս գնում, հավաքում ենք,- պատմում է Հակոբյանը եւ ներկայացնում իրենց սիրողական խմբի կազմ՝ նախկին զինվորականներ ունենք, պատշար, բիզնեսմեն,ես էլ մեքենայի շարժիչ նորոգող եմ»։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎՉերեւան։ Ստեփանավան (հայտագիր) |
Փառատոնի ընթացքում ցուցադրական ելույթներից բացի ավիացիայի եւ տուրիզմի թեմայով պանելային քննարկումներ անցկացվեցին։ Օդաչուներին, ավիամոդելավորողներին եւ ընդհանրապես թռիչքի էնտուզիաստներին միավորած փառատոնի նպատակն է փոքր ավիացիայից բացի նաեւզբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստել։
Չորրորդ Air Fest–ի կազմակերպմանն աջակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն եւ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանն ասում է՝ փառատոնն ամբողջովին հայտ է ներկայացնում Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող արկածային տուրիզմի զարգացման։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։