Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաեւ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ»,– ասված է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական ԶՈՒ–ն սեպտեմբերի 1-ին՝ 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը 11:20-ի դրությամբ նվազել է:
Ադրբեջանական կողմը երեք վիրավոր ունի
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են երեք զինծառակողի վիրավորվելու մասին։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ վիրավորվել է զինծառայող Մուհամեդ Տագիեւը, որն, ադրբեջանական կողմի պնդմամբ, վիրավորվել է հայկական ուժերի կրակի հետեւանքով։ Նոր հաղորդագրությամբ Բաքուն հայտնում է եւս երկու զինծառայողի վիրավորման մասին, որոնք վնասվածքներ են ստացել «հայկական կողմի կիրառած հարձակողական ԱԹՍ-ի հետեւանքով»։