13 տարվա ընդմիջումից հետո գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փորձնական ուղերթը կաշխատի ամեն օր՝ բացի չորեքշաբթի օրերից։ Գյումրիից Վանաձոր ուղեւորության տեւողությունը 1 ժամ 32 րոպե է: Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: Էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի 18:47-ին:
Նորաբաց ուղերթի առաջին ուղեւորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցիչները։ Նրանց Վանաձորի կայարանում դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը եւ պաշտոնատար այլ անձինք։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հույս է հայտնել, որ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքներն արդիականացնելու եւ ուղեւորությունների հարմարավետությունը բարձրացնելու համար: