Շիրակի մարզի 9 դպրոցում առաջին զանգ չի հնչել աշակերտ չլինելու պատճառով: Առանց առաջին դասարանցի ուսումնական տարին մեկնարկած դպրոցները հիմնականում Ամասիա խոշորացված համայնքի գյուղերում են:
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը «Ալիք Մեդիային» հաղորդեց, որ հիմնականում առաջին դասարանցի չկա այն դպրոցներում, որտեղ անցած տարի էլ չի եղել:
Հիշեցնենք, որ անցած ուսումնական տարում 10 դպրոցում առաջին դասարան հաճախող չկար: Բազմաթիվ են նաեւ դպրոցները, որտեղ դասարաններում կա մեկ կամ երկու աշակերտ, այստեղ դասերն անցկացվում են կոմպլեկտավորված դասարաններով:
Պատճառները բազմազան են, հիմնականում գյուղերից արտագաղթը։ Կամ երեխային տանում են քաղաքի դպրոցներ՝ պատճառաբանելով, որ քաղաքում ուսուցումն ավելի որակով է: