Արցախի պաշտպանության բանակը քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ռադիոճնշման չի ենթարկել։ Դրա մասին հաղորդագրություն է տարածել ՊԲ մամուլի ծառայությունը` հերքելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը։ Ըստ ադրբեջանական կողմի` ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին` 11։15-11։36–ը եւ 13։30-13։58-ն ընկած ժամանակահատվածում, ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ–Պեկին եւ Թել Ավիվ–Բաքու երթուղիներով թռիչք կատարող օդանավերի համակարգերը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որեւէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում Արցախի օդային սահմանները։ Հատկանշական է նաեւ, որ իբրեւ թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որեւէ ընկերություն կամ որեւէ երկիր երբեւէ չի ներկայացրել որեւէ բողոք այդ առնչությամբ»,– շեշտված է հաղորդագրության մեջ։
Արցախի ՊԲ-ն վստահ է, որ Ադրբեջանի նպատակն է նման կեղծ հայտարարություններով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետից։ Բացի դրանից՝ Ադրբեջանը սադրանքի համար տեղեկատվական հենք է նախապատրաստում։