Ղազախստանի կառավարությանը դատի տված Ակտոբե քաղաքի բնակիչ Ասլանբեկ Օմարովը, որին 2022-ի հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալել եւ խոշտանգել էին եւ կալանավորել չորս ամսով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, շահել է դատը՝ պետությունից կորզելով 3 միլիոն տենգե (6500 դոլար)՝ իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում: Բանն այն է, որ հետաքննությունը չի կարողացել ապացուցել Օմարովի մեղքը, եւ 2023-ի փետրվարի սկզբին դատարանն արդարացրել է նրան։ Բացի պատճառված բարոյական վնասի փոխհատուցումից` դատարանը վճռել է հօգուտ Օմարովի պետությունից գանձել եւս 500 հազար տենգե (1,1 հազար դոլար)՝ փաստաբանի ծախսերի համար։
Օմարովը, «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությանը տված մեկնաբանությունում նշել է, որ դժգոհ է դատարանի նշանակած փոխհատուցման չափից։ Հայցվորը պահանջել էր 30 միլիոն տենգե (65 հազար դոլար)՝ իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում, եւ 10 միլիոն տենգե (21,7 հազար դոլար)` իրեն պատճառված նյութական վնասի համար։ Այդուհանդերձ, Օմարովը որոշել է չվիճարկել փոխհատուցման չափը՝ հաղթանակ համարելով այն հանգամանքը, որ պետությունն արդեն իսկ ընդունել է իր մեղքը իրեն պատճառած վնասի համար։
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022-ի հունվարի 4-ին գազի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերով, այնուհետեւ դրանք վերածվել են զանգվածային ակցիաների՝ իշխանությունների հրաժարականի եւ Նազարբաեւի հուշարձանները քանդելու պահանջով, իսկ 2022-ի հունվարի 7-ին ցույցերն Ալմաթի, Կոստանայ եւ այլ խոշոր քաղաքներում ավարտվել են անկարգություններով:
Ըստ պաշտոնական տվյալների՝ հունվարյան ցույցերի եւ անկարգությունների ժամանակ մահացել է 238 մարդ, նրանից 6-ը՝ խոշտանգումների հետեւանքով։ Մի քանի հազար մարդ կալանավորվել է, հարյուրավորները խոշտանգումների են ենթարկվել, սակայն իրավապահների՝ ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բողոքներով հարուցված քրեական գործերի մեծ մասը կարճվել է։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը