Սեւանի լեռնանցքի (Դիլիջանի) թունելի բարեկարգման նպատակով անցկացվող ուսումնասիրությունների կապակցությամբ սեպտեմբերի 4-8-ը՝ 9:00-13:00-ն եւ 14:00-18:00-ն, թունելով երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը տվյալ ուղղությամբ առաջարկվում է շրջանցել Հ-53, Մ4-Սեմյոնովկա-Մ4 հանրապետական նշանակության ավտոճանապարհով:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից կից ներկայացրել է երթեւեկության շրջանցման սխեման։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ 2024-ին կսկսվի Դիլիջանի եւ Պուշկինի ավտոմոբիլային թունելների հիմնանորոգումը, որոնք երբեք կապիտալ չեն վերանորոգվել։ Սանոսյանը նշել էր, որ արդեն վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաեւ Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերի միջեւ ընկած հին ճանապարհին, որը ժամանակավորապես կփոխարինի Դիլիջանի թունելին։
Սեւանից Դիլիջան ճանապարհը կրճատող եւ լեռնային մի շարք ոլորաններ շրջանցող Դիլիջանի թունելի կառուցումը սկսվել է 1970-ին։ Շինարարությունը վերսկսվել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով եւ ավարտվել 2000-ականների սկզբին: