Թբիլիսիի Ազգային գրադարանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կայացավ գեղանկարչուհի Կարիշոկ (Կարինե) Դուլյանի անհատական՝ Make love not war խորագրով ցուցահանդեսը: Շենքեր, բակեր, կոլորիտային պատուհաններ, որոնցից այն կողմ՝ սիրով զբաղվող զույգեր: Նկարչուհու ոգեշնչման համար աղբյուր են դարձել թբիլիսյան փողոցների, բակերի՝ իր ու այլ անձանց արած լուսանկարները:
«Այն, ինչ կատարվում է բակում, հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին են մարդիկ իրականում»,- ասում է նկարչուհին: Մադրիդում ճարտարապետություն, արվեստ եւ քաղաքաշինություն ուսանելուց եւ, Հայաստան վերադառնալով, այս ոլորտում աշխատելուց հետո կորոնավիրուսի համավարակի ընթացքում նա որոշել է զբաղվել նկարչությամբ՝ «կյանքը մեկն է, պետք է զբաղվել նրանով, ինչ սիրում ես»:
Երեք տարվա ընթացքում Կարինեն հարյուրավոր նկարներ է հեղինակել ու հասցրել է հինգ անհատական ցուցահանդես ունենալ ԱՄՆ-ում, Երեւանում ու Թբիլիսիում: Նկարչուհու կարծիքով՝ Թբիլիսին ու Երեւանը նման են իրենց կոլորիտային բակերով, ինչն էլ արտացոլվում է նրա աշխատանքներում:
Վերջին տարիների պատերազմական իրողությունները, մարդկային ագրեսիան նկարչուհուն ստիպել են մտահոգվել սիրո պակասի համար. «Ես կուզեի մարդիկ ավելի շատ զբաղվեին սիրով, քան կռվով»: Եվ հենց այդ միտքն էլ՝ Make love not war, գեղանկարչուհին տարածում է շենքերի ճակատների նկարներով, որոնց պատուհաններից այն կողմ մարդիկ սիրով են զբաղվում:
Թբիլիսյան ցուցադրությանը ներկայացված էին նաեւ նրա գեղանկարները: