Ձեռքի (խելացի) ժամացույցի գոտու վրա մնում են մեծ քանակությամբ վնասակար բակտերիաներ, այդ թվում՝ թոքաբորբի, սալմոնելոզի եւ ոսկեգույն ստաֆիլոկոկի հարուցիչները։ Այս եզրակացություններն են արել Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի գիտնականները, որոնք իրենց ուսումնասիրությունը հրապարակել են Advances in Infectious Diseases ամսագրում։ Ավստրալիական Science Alert-ը գրում է, որ ժամացույցի գոտիները հաճախ կանոնավոր չեն ախտահանվում եւ, հետեւաբար, կարող են լինել բակտերիաների փոխանցման եւ վարակի աղբյուր։
Գիտնականները փորձարկել են խելացի ժամացույցների 20 տարբեր գոտիներ, որոնցից 95%-ը ունեցել է բակտերիաների զգալի կուտակումներ: Ամենից շատ աղտոտված են ռետինե եւ պլաստմասսե գոտիները։ Միեւնույն ժամանակ, ժամացույցի մետաղյա (հատկապես ոսկե եւ արծաթե) շղթաները գործնականում բակտերիաներ չեն պարունակում։ Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի կենսաբան Նվադիուտո Ասին ասում է, որ պլաստիկ եւ ռետինե գոտիները կարող են ավելի նպաստավոր միջավայր ստեղծել բակտերիաների զարգացման համար, քանի որ ծակոտկեն եւ ստատիկ մակերեսները, որպես կանոն, գրավում են բակտերիաներին։
Այս հետազոտության ընթացքում փորձարկված բակտերիաները մարդու մարմնի եւ շրջակա միջավայրի վրա հայտնաբերված ամենատարածված բակտերիաներից են: Ուսումնասիրությանը մասնակցած գիտնականները հայտնաբերել են թոքաբորբ, սալմոնելոզ, մաշկի բորբոքում առաջացնող բակտերիաներ, ինչպես նաեւ S. aureus հարուցիչը, որը գործում է որպես մարդու ախտածին՝ առաջացնելով թարախակալում, սեպսիս, պիոմիոզիտ (արեւադարձային վարակիչ հիվանդություն), բոտրիոմիկոզ (կենդանիների վարակիչ հիվանդություն) եւ էնդոկարդիտ (բորբոքում, որը հաճախ ուղեկցվում է փականի վնասվածքով եւ հանգեցնում սրտի արատների զարգացմանը):
Գիտնականները մարզասրահ հաճախողների գոտիների վրա էլ ստաֆիլոկոկային բակտերիաների բարձր մակարդակ են հայտնաբերել: «Բակտերիաների քանակն ու դասակարգումը, որը մենք հայտնաբերեցինք գոտիների վրա, ցույց են տալիս, որ այդ մակերեսների կանոնավոր ախտահանման կարիք կա: Նույնիսկ համեմատաբար ցածր քանակի դեպքում այդ պաթոգենները կարեւոր են առողջության համար»,- ավելացնում է հետազոտող Էշիոբուն: Ավելի վաղ գիտնականներն ուսումնասիրել էին սմարթֆոնների էկրանները։ Դրանց վրա նրանք հայտնաբերել են Escherichia coli-ի պաթոգեն շտամներ, հակաբիոտիկների նկատմամբ կայուն ստաֆիլոկոկներ կամ streptococci-ներ եւ այլն, որոնք կարող են գոյատեւել գաջեթի մակերեսին: Խելացի ժամացույցի գոտու եւ սմարթֆոնի էկրանի պես ականջակալները եւս վարակի աղբյուր են եւ մանրակրկիտ մաքրման կարիք ունեն։
Մի՛ թերագնահատեք ստաֆիլոկոկային վարակների հետեւանքները
Այս տեսակի մանրէները սովորաբար հանդիպում են բազմաթիվ առողջ մարդկանց մաշկի վրա կամ քթի մեջ: Հաճախ այս բակտերիաները խնդիրներ չեն առաջացնում կամ առաջացնում են համեմատաբար մաշկի թեթեւ վարակներ: Սակայն ստաֆիլոկոկային վարակը կարող է մահացու դառնալ, եթե բակտերիաներն ավելի խոր ներխուժեն մարդու օրգանիզմ՝ արյուն, հոդեր, ոսկորներ, թոքեր կամ սիրտ: Իրենց առողջ համարող մարդկանց օրգանիզմում զարգացող եւ կյանքին սպառնացող ստաֆիլոկոկային վարակների դեպքերի թիվն աճում է: