Ադրբեջանն արցախցի երեք ուսանողին ապօրինի է պահում։ Դա հակասում է առնվազն եվրոպական կոնվենցիայի պահանջներին։ Դրա մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա հավելել է, որ քրեական որոշակի գործընթաց նախաձեռնվել է նրանց նկատմամբ ու ապա դադարեցվել։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել մինչեւ սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել Ադրբեջանին օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առեւանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկություն տրամադրելու մասին:
Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ հուլիսի 29-ին ադրբեջանական կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի մասին շարունակում են տեղեկություններ ստանալ եւ նաեւ հույս ունեն, որ ուսանողների մասին եւս կստանան տեղեկություններ։ «Դրանք անհատական տվյալներ են, որոնք չենք կարող հրապարակել. միայն ծանուցում ենք հարազատներին»,– նշել է Կիրակոսյանը։
Անդրադառնալով փաստին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օգոստոսի 29-ին մերժել էր Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը՝ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ նախորդ դիմումները, որոնք ներկայացվում էին ՄԻԵԴ, նույնպես ֆորմալ առումով մերժվում էին։ «Մեր հաղորդագրության մեջ, սակայն, մենք դատարանի որոշումն ամբողջովին ներկայացնում էինք։ Պարզ է, որ ադրբեջանական կողմը հիմնականում այդ մերժվելու վրա է փորձում միշտ ուշադրությունը կենտրոնացնել, ու դա, բնականաբար, հատուկ է արվում։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը, ֆորմալ առումով մերժելով եւ նոր միջոց կիրառելով, միեւնույն ժամանակ որոշման հաջորդ պարբերության մեջ շատ հստակ արձանագրում է, որ 2020 թվականին ընդունած իր որոշումները շարունակում են ուժի մեջ մնալ, եւ դա վերաբերում է նաեւ այն նոր անձանց, որոնք այս պահին անազատության մեջ են (Ադրբեջանի վերահսկողության ներքո): Նկատի ունեմ Վագիֆ Խաչատրյանին եւ նաեւ վերջերս առեւանգված երեք ուսանողին»,– ընդգծել է Կիրակոսյանը։
Ըստ նրա` այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար առնվազն կարեւոր է տեղեկացնել դատարանին, որ այդ անձանց իրավունքները գոնե նվազագույնս պաշտպանվեն։