2023 թվականի սեպտեմբերի կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 4-ից։ Տեղեկությունը հայտնել է Միասնական սոցիալական ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ օրենքով՝ աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխություններով կենսաթոշակային տարիքն այլեւս աշխատանքից ազատելու հիմք չի լինի։ Գործատուին իրավունք է տրվել կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքելու պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն նախորդ կարգավորման, որով սահմանվում էր, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվեր որոշակի ժամկետով։ Կրճատվել են մինչեւ 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տեւողությունները․ միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
Ընդ որում՝ ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները, համաձայն որոնց՝ իրավունք է տրվել ոչ թե մինչեւ մեկ, այլ նաեւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող աշխատողին նվազեցնել իր աշխատաժամանակը, վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը, ամրագրվել է «աշխատանքում բռնություն կամ սեռական ոտնձգություն» հասկացությունը, ինչպես նաեւ հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը։
Միաժամանակ հստակեցվել է, որ կողմերի համաձայնությամբ՝ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաեւ մինչեւ աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը։