Կառավարությունը որոշել է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարել։ ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը հայտարարել է, որ 2022-ին նախորդ երկու տարվա համեմատ ՀՀ-ում կտրուկ աճել են նվիրատվությունների գործարքները: Դրանք, ըստ փոխնախարարի, կասկածելի են։ Մկրտչյանը տեղեկություններ է ներկայացրել, ըստ որոնց` 2020-ին կատարվել է նվիրատվության 8674, 2021-ին` 12 հազար 60, 2022-ին՝ 15 հազար 765 գործարք։
Փոխնախարարը հավելել է, որ օրենսդրությամբ լիազոր մարմնին` ՀՀ կենտրոնական բանկին, պետք է ներկայացվեն կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ եւ վիճակագրություն, որպեսզի տեղեկությունները կենտրոնացվեն մեկ տեղում։
Ի՞նչն է օրինապահ քաղաքացուն մղում շրջանցելու օրենքը. միայն վատ օրենքը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները չբացառեցին, որ նվիրատվությունների քանակի ավելացման վրա նաեւ ազդել է արդեն շուրջ մեկ տարի գործող անկանխիկ գործարքների համակարգը։ Մկրտչյանը հավաստիացրել է, որ օրենսդրական այս փոփոխությունով օրինապահ քաղաքացիների կյանքում ոչինչ չի փոխվելու։ «Եթե նվիրատվության տվյալ գործարքը կասկածելի ու շինծու թվա, ապա առանձին կներկայացվի ԿԲ` քննարկման եւ ուսումնասիրման»,– ընդգծել ՀՀ արդարդատության փոխնախարարը։