2024 թվականից ուժի մեջ կմտնի որոշում, ըստ որի՝ արտառոց ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը պետությունն անվճար կտրամադրի։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա։ 2021-ի տվյալներով` նրանցից 121-ը ծնվում է էքստրեմալ ցածր քաշով` 500-1000 գ: Գերատեսչությունից ակնկալում են 100% դեղապահովմամբ նվազեցնել նորածնային հաշմանդամությունը, մանկական մահացությունն ու գրանցել ապրելիության աճ։
Նախարարությունից հավելել են, որ անհրաժեշտ դեղեր չստացած նորածիններն ունենում են ֆիզիկական, մտավոր եւ ճանաչողական զարգացման խանգարումներ, ինչպես նաեւ կրկնապատկվում են բուժման ծախսերը՝ մեծացնելով պետության կողմից հիվանդանոցին տրամադրվող միջոցներն ու ֆինանսական ծանրաբեռնվածությունը: