Մահապատժից լիովին հրաժարվելու մասին օրինագիծը սեպտեմբերի 4-ին ներկայացվել է ՀՀ ԱԺ պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը նշել է, որ արձանագրությունը ստորագրել են Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամները, սակայն ուժի մեջ է մտել ԵԽ անդամ 44 երկրում: Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն վավերացրել այն։ Կառավարությունը նախագծին հավանություն է տվել 2023 թվականի մայիսին։
Փոխնախարարը նշել է, որ արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, որը կողմ է մահապատժից լիովին հրաժարվելուն։ «Սակայն դա մնում է երկրի դեռեւս չկատարված կարեւոր միջազգային պարտավորություններից մեկը»,- շեշտել է Կարապետյանը։
Նա նշել է, որ թեման հաճախ արծարծվում է ԵԽԽՎ օրակարգում, իսկ ԵԽ պաշտոնյաները հայաստանյան իշխանությանը պարբերաբար խնդրում են ուշադրություն դարձնել այդ հարցին: «Թիվ 13 արձանագրությունը դիտարկվում է որպես մահապատժի բոլոր տեսակներից հրաժարվելու վերջնական քայլ։ Հայաստանի կողմից վավերացումը կգնահատվի որպես կարեւորագույն դրական առաջընթացը մարդու իրավունքների պաշտպանության առումով»,- ասաց Կարապետյանը։
Փոխնախարարը հավելել է, որ օրինագիծն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որտեղ Սահմանադրության հետ հակասություններ չեն գտել։