Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը նոր ուսումնական տարին սկսել է հիմնանորոգված մասնաշենքում։ Սեպտեմբերի 4-ին շենքի բացման արարողությունն է եղել, որին մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԵԹԿԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը, դերասաններ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ։
Թատերական ինստիտուտի մասնաճյուղը Վանաձորի արվեստի քոլեջի շենքում է տեղակայված։ Մինչ վերանորոգման աշխատանքների ավարտը դասապրոցեսն անցկացվել է Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցում։
Մասնաշենքը հիմնանորոգվել է պետական միջոցներով։ Բուհն ունի 50 ուսանող, որոնցից 20-ն առաջինկուրսեցի են։ Ի դեպ, ԵԹԿԻ Վանաձորի մասնաճյուղն այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը։