Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը բրիտանական Telegraph պարբերականում հոդված է հրապարակել, որում ահազանգ է բարձրացնում Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ Դեսպանը, համեմատելով Անգլիայում նոր ուսումնական տարվան պատրաստվող ավելի քան ինը միլիոն երեխաների հույզերն ու ապրումները, նշել է, որ դեպի ծով ելք չունեցող Լեռնային Ղարաբաղի լեռներում երեխաների համար իրականությունը բոլորովին այլ է:
Դեսպանը ցավով հիշատակում է շոգի, ջրազրկման եւ հոգնածության պատճառով մահացած երեքամյա Լեոյին եւ վեցամյա Գիտային, որոնք փնտրում էին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում սնունդ հայթայթելու գնացած իրենց հուսահատ մայրիկին։ Լեոյի եւ Գիտայի պատմությունը ցավալի հիշեցում է այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են խոցելի համայնքի բնակիչները՝ իրենց հիմնական պաշարները հայթայթելու համար: Նա ընդգծել է, որ սա շրջափակման մեջ արդեն գրեթե ինը ամիս գտնվող Լեռնային Ղարաբաղում ծավալված ողբերգության ընդամենը մեկ օրինակ է։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչները միջազգային հանրության աջակցության խիստ կարիքն ունեն. բրիտանական կառավարությունն իր ամերիկացի եւ եվրոպացի դաշնակիցների հետ Ադրբեջանին կոչ է անում ականջալուր լինելու Միջազգային քրեական դատարանի որոշմանը եւ դադարեցնելու շրջափակումը»,- նշել է Վարուժան Ներսեսյանը: Նա ընդգծել է, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ միջազգային հանրությունը կոչ արել փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում եւ բուն Լեռնային Ղարաբաղում: «Աշխարհը չի կարող ձեռքերը ծալած նստել, մինչ մեր աչքի առաջ հերթական հումանիտար աղետն է ծավալվում։ Գործելու ժամանակը հիմա է»,- ընդգծել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանը: