Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդար է անվանել երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության` հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմպիչմենտ հայտարարելու մասին որոշումը: «Ցավալի է, որ Վրաստանի նախագահը ցուցադրաբար խախտում է օրենքը։ Մենք պետք է օրենքի պաշտպան լինենք, պետք է օրինակ ծառայենք ուրիշների համար։ Ուստի իշխող կուսակցության ընդունած որոշումը միանգամայն արդար էր»,- նշել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի նախագահը համաձայն չէ Վրաստանի կառավարության ներկայիս արտաքին քաղաքական դիրքորոշմանը։ Համարվում է, որ իմպիչմենտի մեկնարկի պատճառն այն է, որ Զուրաբիշվիլին ավելի վաղ առանց կառավարության համաձայնության Եվրամիության ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներ է անցկացրել, ինչը հակասում է վրացական օրենսդրությանը։
Իմպիչմենտի գործընթացի մեկնարկը շեղում է իրական խնդիրներից
Ըստ «Ալիք մեդիա Վրաստան»-ի՝ ԵԽ պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի կարծիքով էլ «Վրացական երազանքի» Վրաստանի նախագահի իմպիչմենտի գործընթացի մեկնարկը շեղում է իրական խնդիրներից։ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ջորջ Բուշ կրտսերի ինստիտուտի գլոբալ քաղաքականության տնօրեն Դեյվիդ Կրամերը եւս նույն կարծիքն է հայտնել․ «Սա կառավարության կողմից փորձ է խարխլելու Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացումը, եւ դա չի համապատասխանում Վրաստանի արտաքին քաղաքականությանը»։