Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո համատեղ ասուլիսում ասել է, որ Մոսկվան պատրաստ չէ անմիջապես վերադառնալու հուլիսին խափանված «Սեւծովյան հացահատիկի» նախաձեռնությանը։ Պուտինը նշել է, որ գործարքին վերադառնալու համար անհրաժեշտ է կատարե Կրեմլի ավելի վաղ առաջադրած պահանջները։ «Ռուսաստանը պատրաստ կլինի վերակենդանացնելու հացահատիկի համաձայնագիրը եւ կանի դա, հենց որ կատարվեն բոլոր պայմանավորվածությունները»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը շեշտել է, որ ակնկալում է՝ եվրոպական շուկաներ ռուսական հացահատիկի եւ պարարտանյութերի մատակարարման նկատմամբ պատժամիջոցների մի մասը կվերացվի։
Սեպտեմբերի 4-ին Սոչիում Էրդողանի հետ հանդիպումը սկսելուց առաջ Պուտինը հայտարարել է, որ բաց է քննարկելու «հացահատիկի գործարքին» Ռուսաստանի մասնակցության վերականգնման հարցը։