Ինն ամիս է՝ Լիան հագուստ չի գնել: Նախկին առեւտրասեր աղջիկը մտածում է՝ ունեցածն էլ բավարար է: «Շեյնից» (Shein. առցանց գնումների հարթակ) գնած վերջին շապիկը նա իր հետ բերել էր «Նորաձեւությունն ընդդեմ կլիմայի» միջոցառմանը՝ փոխանակելու: Ինքն էլ մյուս մասնակիցների բերածներից քրոջ աղջկա համար այլ զգեստ էր ընտրել:
Միջոցառումը կազմակերպել էին «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնն ու UniGrowth զարգացման կենտրոնը՝ բարձրաձայնելու բնապահպանական խնդիրներն ու հիշեցնելու՝ կլիման որքան վնաս է կրում տեքստիլի արտադրությունից, եւ յուրաքանչյուրն իր տեղում ինչ կարող է անել դա կանխելու համար:
Միջոցառմանը նախորդած սեմինար-քննարկումն անցկացվեց խաղերի ձեւաչափով: Երիտասարդները, մասնակցելով փոքրիկ մրցույթներին, պարզում էին՝ ինչ գիտելիք ունեն, ապա ձեռք բերում նորերը:
Անչափահասների շահագործում, ցածր աշխատավարձեր, աշխատանքային վատ պայմաններ. որքանով են այս խնդիրներն առնչվում Հայաստանին: «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի երիտասարդական թիմի համակարգող Աննա Թովմասյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ հայաստանյան մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ երիտասարդների շրջանում առաջնահերթությունների ու խնդրի կարեւորության վերաբերյալ այլ ընկալումներ կան։
«Մեր նպատակը երիտասարդների շրջանում հատկապես բնապահպանական թեմաներով իրազեկվածության բարձրացումն է: Երբ խոսում ենք, օրինակ, գլոբալ տաքացման մասին, թյուրըմբռնում կա, թե դա մեզնից շատ հեռու է եւ մեզ չի հասնելու։ Խնդիր ունենք այդ ընկալումը փոխելու»,- ասում է Աննան։
Կենտրոնը երիտասարդների համար վեցշաբաթյա դասընթաց է անցկացնում, որը կարողությունների զարգացման նպատակ ունի։ Նաեւ՝ կենտրոնի ֆիզիկական տարածքն անհատույց տրամադրվում է երիտասարդներին՝ անձնական նախաձեռնություններն իրագործելու համար։
UniGrowth զարգացման կենտրոնի համահիմնադիր, նախագահ Թամարա Այդինյանը եւս վստահ է՝ առաջնահերթությունների մասին ընկալումները կարող են տարբեր լինել, սակայն դրանից խնդիրները չեն փոխվում։
«Ես կհասկանամ, որ մարդիկ ասեն՝ մենք քի՞չ խնդիրներ ունենք, որ դու խոսում ես նորաձեւությունից: Ինձ համար հայրենիքը սիրելը շատ տարբեր ձեւերով է արտահայտվում․ բնության մասին հոգ տանելը, սահմանին ծառայելը, սեփական աշխատանքը որակով կատարելը։ Օրինակ՝ աղտոտված օդը շնչում ենք բոլորս․ ես կապում եմ բոլորն իրար հետ»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Թամարան:
Կլիմայի վրա նորաձեւության ազդեցության մասին խաղ-դասընթացի գաղափարը մոտ մեկ տարի առաջ է ծնվել։ Արդյունքում ոչ ֆորմալ կրթական մեթոդներով ծրագիր են ստեղծել՝ անհրաժեշտ գործիքակազմով: «Շուտով նաեւ առցանց հարթակ է գործարկվելու, որը հայերենով էլ հասանելի կլինի: Օգտվողները գիտելիք կստանան տեքստիլի շուկայի, հագուստի արտադրության, թափոնների վերամշակման եւ թեմային առնչվող այլ երեւույթների մասին»,- տեղեկացնում է Թամարան։
Նա կարծում է, թե Հայաստանում բնապահպանական հարցերի վերաբերյալ մտածելակերպ փոխելու անհրաժեշտություն կա։ Կարծրատիպերը բազմաթիվ են, որոնք էլ խանգարում են խնդիրների ճիշտ ընկալմանն ու լուծումներ գտնելուն։
«Մարդկանց թվում է, որ, օրինակ, «սեքընդ հենդից» (երկրորդ ձեռքից. ոչ նոր, օգտագործված ապրանք, որը կարելի է գնել եւ օգտագործել) հագուստ գնելը կամ մեկի օգտագործած հագուստը վերցնելը պայմանավորված է սոցիալական վատ դրությամբ։ Այսինքն՝ այդ ընտրությունը ոչ թե իրազեկվածության, բարձր գիտակցության, մոլորակի մասին մտածելու արդյունք է, այլ աղքատ լինելու հետեւանք։ Մենք շատ կառչած ենք հագուստից, արտաքինից, հագուկապից»,- ասում է նա։
Դա է պատճառը, որ Հայաստանում «սեքընդ հենդ» խանութները քիչ են։ Շատերը գնումներ չեն անում այդպիսի խանութներից, մի մասն էլ թաքուն է օգտվում։ Հայաստանում նաեւ հագուստի վերամշակում չի իրականացվում, միայն փոքրիկ անհատական նախաձեռնություններ կան, պետական մակարդակով աշխատանք չի տարվում։
Օրենսդրական դաշտում խնդիրը լուծելուց առաջ շահագրգիռ կենտրոնների ներկայացուցիչներն ընդգծում են իրազեկվածության բարձրացման կարեւորությունը։
«Ամենամեծ բացն ունենք կրթական համակարգում՝ հանրակրթությունից սկսած։ Մարդկանց վերաբերմունքը շրջակա միջավայրին ճիշտ մակարդակում չէ: Ինչքան էլ տուգանք լինի աղբը գետնին թափելու համար, եթե մարդիկ ի սկզբանե չունեն գիտակցությունը, թե աղբը նետելն ինչ հետեւանք է թողնելու մոլորակի ու անձամբ իրենց վրա, պատժիչ միջոցները չեն օգնելու: Պետք է առաջնահերթ աշխատել հիմքի վրա, հետո մտածել հետեւանքները մեղմելու մասին»,- ասում է Աննան։
Հագուստ հաճախ գնողներից շատերը տեղեկացված չեն, որ, օրինակ, մեկ ջինսե տաբատի արտադրության համար ծախսվում է շուրջ յոթանասուն լիտր ջուր, համաշխարհային ջրային ռեսուրսների տարեկան յոթ տոկոսն օգտագործվում է տեքստիլ արտադրելու համար, իննսուներկու միլիոն տոննա հագուստի թափոն է կուտակվում, իսկ տեքստիլի արտադրության ոլորտում աշխատող անչափահասը վարձատրվում է չնչին գումարով։ Կազմակերպիչների կարծիքով՝ այս տեղեկության յուրացումն էլ էապես կնպաստի մտածելակերպի ու վարքի փոփոխությանը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: