ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել կառուցապատողների մասին աղմկահարույց նախագիծը։ Ըստ օրինագծի՝ առաջարկվում է՝ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին: Հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծով կարգավորվում է կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը:
Առաջին ընթերցման տարբերակում առաջարկվում էր կառուցապատողին փոխանցել բնակարանի արժեքի միայն 25%-ը, մնացած 75%-ը՝ երբ բնակարանը կառուցված լինի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Նախագիծը բուռն կրքեր է առաջացրել ինչպես կառուցապատողների, այնպես էլ ՔՊ-ի շրջանում։ Մարդիկ վստահ էին՝ փոքր եւ միջին կառուցապատողները դուրս կմղվեն դաշտից, շենք կառուցելը Հայաստանում կմոնոպոլացվի: Եվ առաջին ընթերցում անցած նախագիծը լրամշակման համար սառեցվել է։ Երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծի տարբերակում չնչին խմբագրում է արվել․ 25/75 հարաբերակցությունը փոխվել է 30/70-ի: Իսկ 2025 թվականի հունվարից այն կդառնա 50 տոկոս, մինչեւ կառուցապատողն ավարտի շենքի շինարարությունը եւ ստանա շենքի շահագործման թույլտվությունը: «Այս մոտեցումն առավել արդյունավետ է եւ այն ուղղված է ռիսկերի չեզոքացմանն ու սպառողների պաշտպանությանը»,- նշել է օրինագծի հեղինակը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն էլ նշել է, որ հարցը քննարկվել է կառուցապատողների հետ, եւ նրանք դրական են արձագանքել օրինագծի ընդունմանը: