Հանրային հեռուստաընկերությունը Երեւանի քաղաքապետի 14 թեկնածուների միջեւ մեծ բանավեճ կանցկացնի։ Տեղեկությունը հայտնել են հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից։ Հեռուստաբանավեճը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին։
«Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ պետք է թեկնածուների միջեւ բանավեճ կազմակերպվի Հանրային հեռուստաընկերությամբ։ Հրավերն ուղարկվել է քաղաքական բոլոր ուժերին, հաստատման համար վերջնաժամկետ կա, թեեւ մի քանիսն արդեն դրական պատասխան տվել են։ Բանավեճն անցկացվելու է դեմ առ դեմ ձեւաչափով, բոլորը մեկ հարթակում են լինելու»,– ընդգծեցին հանրային կապերի բաժնից։
Այս տարի բանավեճն անցկացվելու է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ, նրանց միջազգային խորհրդատվությամբ։
Երեւանի քաղաքապետի 14 թեկնածուից 1-ը` «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը, կալանքի տակ է (առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն եւ փողերի լվացում կատարելու մեղադրանքով. խմբ.)։ Թե ով հանդես կգա նրա փոխարեն, դեռ հայտնի չէ։
Երեւանի ավագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17–ին։