Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բացատրել է, որ օգոստոսի 25-ին «մեծ Ռուսաստանի մասին» իր խոսքերը վերաբերում են երկրի պատմական ժառանգությանը եւ հարուստ մշակույթին։ Նրա կարծիքով՝ մշակութային ժառանգությունը չի կարող իմպերիալիստական լինել։
«Ռուսաստանի մասին ես խոսում եմ ոչ թե աշխարհագրական, այլ մշակութային իմաստով։ Մտքովս անցավ այն, ինչ ինձ սովորեցնում էին դպրոցում՝ Պետրոս I, Եկատերինա II: Եվ ես ուզում էի կոչ անել ընդունելու այս ժառանգությունը»,- ասել է Ֆրանցիսկոսը Մոնղոլիայից Վատիկան ճանապարհին ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսում:
Օգոստոսի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, տեսակապի միջոցով խոսելով Կաթոլիկ երիտասարդության համառուսաստանյան ժողովի մասնակիցների հետ, ասել էր. «Մի՛ մոռացեք, որ դուք մայր Ռուսաստանի, մեծ երկրի, նրա պատմության, նրա սրբությունների ժառանգներն եք, նրա մշակութային մեծ գործիչները։ Դուք մեծ Ռուսաստանի ժառանգներն եք, ուստի շնորհակալություն, որ գիտեք, թե ինչպես պետք է ռուս լինել»,- ասել է Վատիկանի առաջնորդը:
Ի պատասխան՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն Ֆրանցիսկոսին մեղադրել էր իմպերիալիստական քարոզչությունը վերարտադրելու համար։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Հռոմի պապին անվանել է «ռուսական քարոզչության գործիք»։