Երեւանն ընդգրկվել է ռուսաստանցիների աշնանային հանգստի համար ամենապահանջված ուղղությունների ցանկում։ OneTwoTrip-ի վերլուծաբանների հետազոտության արդյունքներով՝ արտերկրի ուղղություններից առավել մեծ պահանջարկ ունեն Ստամբուլը (բոլոր արտասահմանյան պատվերների 10,2%-ը) եւ Երեւանը (4,5%): Լավագույն հնգյակում են նաեւ Դուբայը (2,8%), Փարիզը (2,5%) եւ Հռոմը (2,4%): Պատվերների եւս 2,1%-ը եղել է դեպի Բանգկոկ, 2%-ը՝ Ռիմինի, 1,6%-ը՝ Թբիլիսի, 1,5-ական տոկոս՝ դեպի Մինսկ եւ Անթալիա։
Ըստ հետազոտության՝ զգալիորեն աճել է Երեւանի պահանջարկը, ՀՀ մայրաքաղաք այցելելու մտադրություն ունեցող եւ Երեւանում նախապես հյուրանոց ամրագրած ռուս զբոսաշրջիկների թիվը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 45,2%-ով։ Աշնանային հանգստի համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում են նաեւ Հռոմը, որտեղ 2023-ի աշնանը ամրագրումների թիվն աճել է 33,3%-ով, Փարիզը (31,2%-ով), Բանգկոկը (40%-ով)։ Մինսկի եւ Անթալիայի հյուրանոցներում ամրագրումների պահանջարկը պակասել է համապատասխանաբար 63,4%-ով եւ 37,5%-ով:
2023-ի առաջին յոթ ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 26 հազար զբոսաշրջիկ։ Ամենաշատ ակտիվությունը գրանցվել է այս տարվա հուլիսին՝ 255 հազար 706, իսկ ամենացածրը՝ փետրվարին՝ 130 հազար 588 այցելություն։ Նշված ժամանակահատվածում ամենից շատ զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից՝ 51% (644 հազար), Վրաստանից՝ 11% (138 հազար) եւ Իրանից՝ 6%: Առաջատարների քառյակում է նաեւ ԱՄՆ-ը՝ 2 տոկոս (27,6 հազար):