Ռուսաստանը մտադիր չէ լքել Հարավային Կովկասը։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին։
Վերջինս օրեր առաջ իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե մի օր կարող ենք արթնանալ եւ տեսնել, որ ՌԴ-ն լքել է Հարավային Կովկասը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը շեշտել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, բայց չի կարելի համաձայնել այն թեզերին, թե ռուս խաղաղապահները ձախողել են առաքելությունը։ «Ռուսաստանն այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի գնալու։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,– լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել չմոռանալու, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում, եւ նրանց մեծ մասը ՌԴ հայրենասեր քաղաքացիներ են ու մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում։