Հումանիտար կազմակերպություններն աշխարհում կասետային զինամթերքից տուժածների է՛լ ավելի մեծ թվեր են գրանցում։ 2022-ին այս արգելված զինատեսակից վիրավորվել կամ սպանվել է 1172 մարդ։ Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Հակահետեւակային ականների եւ կասետային զինամթերքի արգելման միջազգային արշավ (ICBL-CMC) կազմակերպությունը սեպտեմբերի 5-ին Ժնեւում հայտարարել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 2010-ին ամենամյա հաշվետվությունները սկսելուց ի վեր։
Նախորդ տարի նման արկերից վիրավորվելու կամ զոհվելու դեպքեր են գրանցվել Իրաքում, Եմենում, Լաոսում, Լիբանանում, Մյանմայում, Սիրիայում։ Ըստ կազմակերպության՝ բոլոր դեպքերի 95 տոկոսը բաժին է ընկնում քաղաքացիական բնակչությանը: Կազմակերպությունը նշում է նաեւ Ուկրաինայում կասետային զինամթերքի կիրառման մասին։
Ըստ Human Rights Watch-ի «Կասետային զինատեսակների մշտադիտարկում 2021» զեկույցի՝ 2020-ին կասետային ռումբերի հարձակումներից ամենաշատը տուժել է Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ՝ 107 մարդ։ Մշտադիտարկման համակարգող Մարի Ուերհեմն ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է դատապարտեն ցանկացած պարագայում որեւէ մեկի կողմից կասետային զենքի օգտագործում: «Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում կասետային զենքով հարձակումների հերքումը եւ դրանց լայնորեն դատապարտումը ցույց են տալիս, որ նման զենքերի արգելումը թափ է հավաքում»,- ասել է Ուերհեմը։
Կասետային ռումբերն արգելող կոնվենցիան ստորագրել են 110 երկրներ, բայց Ադրբեջանը, Հայաստանն ու եւս մի քանի երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, մինչեւ հիմա այդ կոնվենցիային չեն միացել։ Human Rights Watch-ը նշել է, որ թեեւ Ադրբեջանն ու Հայաստանը չեն միացել կասետային զենքն արգելող կոնվենցիային, բայց նրանք ստորագրել են Ժնեւյան հումանիտար մի շարք այլ համաձայնագրեր եւ չպետք է կասետային զենք օգտագործեն։ Իրավապաշտպանները զգուշացնում են, որ այս զինամթերքը չի տարբերակում քաղաքացիական եւ ռազմական թիրախները եւ կարող է հանգեցնել զոհերի նույնիսկ ռազմական բախման ավարտից երկար ժամանակ անց։