Ալավերդու տարածաշրջանի Օձուն, Հագվի, Աքորի, Շնող գյուղերում պտղատու ծառերը ծաղկում են․ համատարած փոշոտման շրջան է սկսվել։ Անոմալ այս երեւույթը գյուղացիները կապում են օգոստոսի 2-ին տարածաշրջանում տեղած ավերիչ կարկուտի հետ, որի հետեւանքով դաշտերում եւ այգիներում բերքը ոչնչացել էր։
Մարդիկ ծաղկած ծառ ու ծաղկից որքան զարմացած, նույնքան մտահոգ են։ Ասում են՝ բերք չի լինի․ այս տարվանը կարկուտը սրբեց-տարավ, հետեւանքներն էլ հաջորդ տարվա համար մնացին։ Աշնանը ծառերի ծաղկելը նշան է, որ հաջորդ տարի բերքը սակավ կլինի։ Գյուղատնտեսների կանխատեսումն է։
«Բողբոջների զարգացման համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ առատ խոնավություն, ջերմություն, սննդառություն, եւ բույսը չի սպասում, որ հաջորդ գարնանը ծաղկի։ Նպաստավոր պայմաններ են՝ ծաղկել է։ Անոմալ երեւույթ է, իհարկե։ Գարնանն այդ ծաղկած ծառերը չեն կարողանա այնքան բողբոջել, որքան պետք է։ Եվ պտղի մասին խոսելն արդեն անիմաստ կլինի»,- պարզաբանում է գյուղատնտես Սամվել Սիրադեղյանը։