Չինաստանի ոստիկանությունը Շանսի նահանգում ձերբակալել է 38-ամյա տղամարդու եւ 55-ամյա կնոջ, որոնք էքսկավատորով քանդել են Չինական մեծ պարիսպը, որպեսզի կարճ ճանապարհ բացեն դրա միջով եւ ավելի արագ հասնեն իրենց աշխատավայր։ Նրանց բռնեցրել են Չինական մեծ պարսպի վնասված հատվածը քանդելիս։ Զույգը է՛լ ավելի է մեծացրել եղած ճեղքը եւ մեծ խոռոչ բացել Չինական մեծ պարսպի մեջ, որ իրենց էքսկավատորը կարողանա անցնել դրա միջով։
Ըստ բրիտանական BBC-ի՝ ոստիկանությունը հայտնել է, որ նշված երկու անձինք «անդառնալի վնաս են հասցրել» Մեծ պարսպի ամբողջականությանը եւ «մշակութային մասունքների անվտանգությանը»։ Պարսպի տվյալ հատվածը պատմամշակութային վայր է եւ պաշտպանվում է նահանգային մակարդակով։
Չինական մեծ պարիսպը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է 1987-ից։ Այն վերակառուցվել է մեր թվարկության 220 թվականից եւ աշխարհի ամենամեծ ռազմական կառույցն է։ Պարսպի մեծ մասը տարիների ընթացքում վնասվել կամ քանդվել է, հատկապես՝ հեռավոր գյուղական վայրերում։ Չինական մեծ պարսպի՝ լավ պահպանված ու ավելի հայտնի հատվածները, որտեղ մեծաթիվ այցելուներ են լինում, կառուցվել է Մին դինաստիայի ժամանակ։