Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Խառատյանի նախաձեռնությամբ շարունակվում է համերգների եւ թատերական ներկայացումների ամենամյա շարքը սահմանամերձ բնակավայրերում:
Այս տարի ծրագիրն իրականացվեց «Մշակութային կամուրջներ» խորագրի ներքո Իջեւան եւ Բերդ քաղաքներում: Գյումրեցի արվեստագետների մեծ խումբն ունեցավ երկօրյա համերգաշար՝ «Հայկական զարդանախշեր» պարի խմբի եւ ճանաչված երգիչ-կատարողների մասնակցությամբ:
Համերգաշարը բարեգործական էր՝ նախատեսված բոլոր ցանկացողների, մասնավորապես զինծառայողների եւ սպայական անձնակազմի համար: Կազմակերպչական ծախսերը հոգացել են «Տյումենի մարզի հայերի միություն» ՀԿ-ի նախագահ, Տյումենում ՀՀ պատվավոր հյուպատոս Աբրահամ Հովեյանը, «Շիրակ ավիա» ընկերության տնօրենությունը, աջակցել է Գյումրու համայնքապետարանը:
Խմբի ղեկավար Ռաֆայել Խառատյանն ասում է՝ արտիստը երբեք չպետք է նստի նույն տեղում՝ սպասելով իր հանդիսատեսին: Նա պետք է լինի այնտեղ, որտեղ մարդիկ բեմից արվեստ տեսնելու ցանկություն ունեն: Ծրագիրը շարունակվելու է մինչեւ տարեվերջ: