Եվրամիության դիտորդական առաքելությունը մտահոգությամբ է հետեւում վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին եւ փոխհրաձգություններին։ Դրա մասին հայտարարել է ԵՄ առաքելությունը X–ի գրառման մեջ։ Առաքելությունից նաեւ նշել են, որ իրենց մշտադիտարկումների մասին արդեն զեկուցել են Բրյուսել։
Ադրբեջանական ԶՈՒ-ն սեպտեմբերի 1-ին՝ 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաեւ ականանետեր եւ անօդաչու սարքեր: Հայկական կողմից զոհվել են 3, վիրավորվել՝ 2 զինծառայող:
«Մեր պարեկները մշտադիտարկում են սահմանային տարածքները եւ հակամարտության հատվածները՝ զեկուցելու ռազմական գործողությունների եւ անվտանգության պահպանման մասին»,– նշված է առաքելության հաղորդագրության մեջ: