Ռուսները մի լավ խոսք ունեն, ասում են. «После обеда горчицы не надо», այսինքն՝ ճաշից հետո մանանեխ պետք չէ։
Իհարկե, ՀԱՊԿ-ը մեր ընկալումներում ու սպասումներում ոչ թե մանանեխն է, այլ ճաշը, որը պետք է մատուցվեր 2021 թվականի սկզբից ի վեր, երբ Ադրբեջանն անկաշկանդ բռնազավթում էր նույն կազմակերպության անդամ Հայաստանի Հանրապետության տարածքները։
Բայց տիկին Զախարովայի խոսքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել «առաքելություն» բառին։ Այսինքն՝ ռազմաքաղաքական դաշինքը զենք ու զորքով չի գալիս օգնության, առաքելություն ուղարկելու պատրաստակամություն է հայտնում։
Եվ դա անում է ոչ թե պայմանագրի տառին ու ոգուն հետեւելով, այլ որովհետեւ Սոթքի վերջին միջադեպը հաստատել է «Հայաստանում տնավորված» ԵՄ առաքելության «ոչ բարձր արդյունավետությունը»։
ԵՄ առաքյալներն այստեղ արդյունավետ աշխատեին, ՀԱՊԿ-ն ինչ գործ ուներ։